Նախագահ Սերժ Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն: Աբու Դաբիում հայկական եկեղեցու կառուցման համար 2006 թ. հողատարածք է նվիրաբերել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը: Նորակառույց եկեղեցին օծվել է 2014 թ. դեկտեմբերի 12-ին, նույն օրը հիմնադրվել է նաև Աբու Դաբիի Ազգային առաջնորդարանը: 2016 թ. մայիսից եկեղեցուն կից գործում է «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանը, որտեղ այժմ ուսանում է 36 աշակերտ: Եկեղեցու բակում տեղադրված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբոց Նահատակաց եկեղեցի այցի ժամանակ ծաղիկներ է դրել խաչքարին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Եկեղեցում գոհաբանական աղոթքից հետո ՀՀ նախագահը ելույթ է ունեցել, որում անդրադարձել է եկեղեցու նշանակությանը մեր ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևության գործում: Նա շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխող ընտանիքին՝ ի դեմս Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանիի, որ հնարավոր դարձրեց հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արաբական աշխարհի սրտում կանգնեցված եկեղեցին միջկրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ու համակրանքի խոսուն վկան է, որ բարեբեր հող է ստեղծում տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ համակեցության համար: Ազգային առաջնորդարանում նախագահը կարճատև հանդիպում է ունեցել համայնքային և եկեղեցական գործիչների հետ:
ԱՄԷ հիմնադիր նախագահ շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելության ժամանակ ՀՀ նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանիի հիշատակին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում: «Անգնահատելի է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր նախագահ շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանիի դերն այս հիասքանչ երկրի կայացման ու բարգավաճման գործում: Նրա կառավարման օրոք հիմք դրվեց հայ-էմիրաթական միջպետական բարձր մակարդակի համագործակցությանը, որի համար հայտնում եմ հայ ժողովրդի և անձամբ իմ երախտագիտությունը»,- գրել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Այցելության ավարտին տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն: ԱՄԷ պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին հանրապետության նախագահն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: