Ինդոնեզիայի Նուսա Դուա քաղաքում «Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումի» շրջանակներում ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը հանդիպել է Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի և Եվրոպայի երկրների գլխավոր վարչության պետ Մուհամեդ Անշորի հետ: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցերի, քննարկվել են նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Ջակարտա այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Երկուստեք վերահաստատվել է երկկողմ կապերի առավել խորացման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ ողջունելով դրական դինամիկան:
Երկկողմ համագործակցության խորացման հեռանկարների համատեքստում կարևորվել է Ջակարտայում ՀՀ դեսպանության գործունեությունը: Արմեն Պապիկյանը հույս է հայտնել, որ փոխադարձության սկզբունքով Ինդոնեզիայի իշխանությունները կդիտարկեն Երևանում Ինդոնեզիայի դեսպանություն հիմնելու հարցը՝ ընդգծելով, որ այդ քայլը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Մուհամեդ Անշորը շնորհակալություն է հայտնել «Բալիի ժողովրդավարական 9-րդ ֆորումին» մասնակցելու կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ այս հանդիպումը լավ առիթ է երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերի քննարկման համար: Զրուցակիցներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցող գործընթացներին: