ՀՀ նախագահ, Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով, 2016 թ. դեկտեմբերի 21-ին, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, պաշտոնական այցով Հայաստան այցելեց ԻԻՀ նախագահ, Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ՀՀ այցելության ընթացքում, հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ԻԻՀ նախագահը հանդիպում ունեցավ նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում երկու երկրների նախագահները մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, տնտեսական, մշակութային, տարածաշրջանային և միջազգային ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ: Կողմերը ԻԻՀ նախագահի ՀՀ այցը գնահատեցին որպես երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ուղղված կարևոր քայլ:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին, գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել ընդլայնելու երկկողմ հարաբերությունները:
ՀՀ և ԻԻՀ նախագահները կարևորեցին երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ 2015-ի դեկտեմբերի 22-24-ին Երևանում և 2016 թ. դեկտեմբերի 4-5-ին Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստերում ձեռք բերված համաձայնությունները և ընդգծեցին դրանց իրագործմանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը:
Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը` երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման առումով:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կարևորեցին միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես նպաստել է Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունների զարգացմանը, համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ նոր լիցք հաղորդելով երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին:
Նախագահները գոհունակությամբ նշեցին միջմարզային համագործակցության ոլորտում նկատվող ակտիվությունը՝ ցանկություն հայտնելով խթանել նման փոխգործակցության հետագա զարգացումը:
Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը:
Նախագահները կարևորեցին ՀՀ և ԻԻՀ կողմից տնտեսական, տրանսպորտային, գիտատեխնոլոգիական, հումանիտար և այլ համատեղ նախագծերի իրականացումը և փոխադարձ աջակցությունը:
Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարևորեցին գազի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը:
Կողմերը կարևորեցին ԻԻՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ պայմաններով առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության աջակցությունը:
Նախագահները ողջունեցին ՀՀ-ում և ԻԻՀ-ում գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդրումային գործունեության, զբոսաշրջության խթանման համար երկու երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրերի չեղարկումը:
ՀՀ և ԻԻՀ նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու հետագա ամրապնդումը` այդ նպատակին հասնելու համար կարևորելով հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը և տարածաշրջանային համակողմանի համագործակցության ընդլայնումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկու պետությունների նախագահներն ընդգծեցին, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա:
Երկու պետությունների նախագահները վստահություն հայտնեցին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական ավարտի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայուն զարգացման:
Երկու պետությունների նախագահները կարևորեցին համընդհանուր խաղաղությանը միտված տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
Նախագահները զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը համարեցին օրակարգային՝ կարևորելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթների իրագործումը:
Երկու երկրների նախագահները մեծապես կարևորեցին Սիրիայում շուտափույթ խաղաղության հաստատման, մարդասիրական խնդիրների ու տեղահանման հետագա ծավալումը կանխելու անհրաժեշտությունը:
Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության խնդիրներին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում պայքարելու այդօրինակ սպառնալիքների դեմ:
Երկու պետությունների նախագահները ընդգծեցին բռնությունների ու ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ քաղաքակրթությունների երկխոսությունը դիտարկելով որպես աշխարհում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորագույն գործոն, որի օրինակելի դրսևորումներից է երկու ժողովուրդների բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը՝ հիմնված միմյանց կրոնի ու մշակույթի նկատմամբ խորը հարգանքի ու հանդուրժողականության վրա:
ԻԻՀ նախագահ, Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին հրավիրեց ՀՀ նախագահ, Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանին պաշտոնական այց կատարել ԻԻՀ: Հրավերն ընդունվեց շնորհակալությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով: