Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Եղսոն

Եղսոն
24.01.2017 | 02:04

Վրեժ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Եղսո տատը գոգնոցի գրպանից հերթական վերջին ջեմով կոնֆետը սեղմեց փոքր թոռան ափի մեջ, մազերը տատավարի շոյեց. «Աբրի՛ս, իմ անուշ գառ, հայոց լեզվից էլի հինգ ես ստացել: Քու տարիքին իմ ախպեր Վարդգես Մշո Սուրբ Կարապետ վանքում կսովրեր... Է՜, օսման, քու մեկ երկուս չեղնի»: Մյուս թոռները շրջապատել էին տատին ու Անդրանիկ Զորավարի մասին իր սովորեցրած երգն էին կատարում։
-Երգե՛ք, լաո, մեռնիմ ձեր արևուն, Փաշի երգ չմոռնաք,- թոռների ժպիտներն էր երանությամբ վայելում տատը։
-Նանե՛, ֆրանսիական «Յումանիտե» թերթին նամակ եմ գրում Եղեռնին կորած իմ հորեղբորը գտնելու համար։ ՈՒզո՞ւմ ես, քո ախպեր Վարդգեսի մասին էլ գրեմ, ի՞նչ իմանաս,- Եղսո տատին հերթական անգամ փորձեց համոզել հարսը։
-Շողիկ, լաո՛, էս 1965-ի աշունն է, հա՞,- հարսի համառ աչքերին նայեց Եղսո տատը։- Իմ Վարդգես ախպեր Մշո Սուրբ Կարապետ վանքում 1915-ին...
Տատը հարմար բառ չգտավ շարունակելու, թե եղբայրն ինչ է եղել...
-Հիսուն տարի է անցել, իմ ցավ հերիք է փորփրիք...
-Չէ՛, նանե, գրելու եմ,- համառեց հարսը։
Օրեր անց գյուղի փոստատարը մի քանի կնիքներով մեծ ծրար բերեց։ Տատը գլխաշորը ականջից հետ տարավ, որ լավ լսի անսպասելի նամակի գիրը: Զավակներն ու թոռները շրջապատել էին նրան։


«Սիրելի Եղիսաբեթ մայրիկ, ցավոք, Ձեր եղբոր մասին ոչ մի տեղեկություն չունենք, բայց Մարգարիտ անունով մի աղջիկ ասում է, որ ինքը Ձեր կորած Ազնիվ քրոջ դուստրն է, բոլոր տվյալները համընկնում են։ Խնդրում ենք՝ նամակին պատասխանեք»։
-Լաո՛, իմ Ազնիվ քույրը 1915-ի ապրիլին թուրքերը գցեցին վառվող մարագ, տասներկու տարեկան էր, իմ աչքով տեսա... Էդ Ազնիվը իմ քույրը չէ,- փղձկաց Եղսոն։
Հարսը պատասխան նամակում գրեց, որ պարզապես զուգադիպություն է, Եղիսաբեթ Գառնիկյանի քույր Ազնիվին մարագում վառել են թուրքերը։ Մի քանի օր Եղսոն սպանված ու կորած հարազատների ցավով տապակվեց։ Հազիվ խաղաղվել էր, երբ փոստատարը մի նոր ծրարով մոտեցավ Եղսո տատին։ Հենց առաջին նախադասությունը կարդալիս՝ հարսի լեզուն կապ ընկավ, աչքերը լցվեցին, ու ճչաց. «Նանե՛, քույրդ գտնվել է»։ Բոլորն իրար անցան ու հարցականորեն Շողիկին նայեցին։
-Լաո՛, հազար անգամ եմ պատմե, որ իմ աչքի առջև իմ քույր Ազնիվին մի թուրք գցեց վառվող մարագ, գրեք, որ սխալմունք է,- առաջվանից ավելի ծանր փղձկաց Եղսո տատը և, չհասցնելով թաշկինակը գրպանից հանել, գոգնոցի ճոթով փակեց աչքերը:
-Նանե՛, ուշադիր լսիր նամակը. «Բարև՛, իմ սիրելի քույր Եղսո, երբ թուրքը ինձ գցեց վառվող մարագը, տանիքը փլվեց ու քանդված մասից ես դուրս թռա։ Մի թուրք բռնեց իմ ձեռքից, որ նորից նետի մարագի կրակների մեջ։ Ես ուժեղ կծեցի նրա ձեռքը: Թուրքը ցավից բաց թողեց ինձ: Փախա ցորենի արտի կողմը: Կրակեց իմ հետևից, ես թաքնվեցի հասկերի մեջ ու մի քիչ հետո փախա...»։
-Լաո՛, էս ի՞նչ հեքիաթ է, հավատալու բան չի, էդ խեղճ Ազնիվն էլ իմ նման քույր է կորցրե ու կփնտրե աշխարհով մեկ, էրնեկ գտներ իր քրոջը, իր սիրտն էլ իմի նման վառվուկ է: Տեր Աստված, դու հասնիս իրեն,- ցավը կրկին ալեկոծեց Եղսոյին։


Հարսը համառորեն շարունակեց նամակը. «Եղսո՛ ջան, իմ անուշ քույր, ես ապրում եմ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, հիսուն տարի քեզ եմ փնտրել։ Եթե չես հավատում, որ ես ողջ եմ, հիշիր՝ մեր բակում կար մի մեծ քար՝ Բլքար էինք ասում. մեջտեղը անցք կար։ Ես փոքր ու նիհար էի, անցնում էի նրա միջով, դու չէիր կարողանում...»։
Եղսոյի ձեռքերը դողացին, աչքերում արցունքը քարացավ, լեզուն լալկվեց բերանում, բայց վայրկյան անց անասելի ճչաց՝ Ազնի՜վ...
Տատին ուշքի բերեցին, նամակն առավ հարսից ու խելագարի պես համբուրում էր՝ «Պատասխան գրե՛ք, լաո՛, ամեն ինչ ճիշտ է, մեռնիմ մեր Բլքարի զորությանը»։
Մի քանի րոպեում շտապ պատասխան գրեցին։
Օրվա մեջ մի քանի անգամ Եղսոն փոստի առջևով էր անցնում-դառնում: ՈՒզում էր րոպե առաջ ստանա պատասխանը, նկարին նայի. հիսուն տարի չի տեսել...


Գիշերը չքնեց, աչքերի առջև Բլքարն էր, անցքի միջով անցնող ու իրեն ժպտացող քույրը, հետո ասկյարները, վառվող մարագը, սպանված ամուսինը... Ցրոնք գյուղից ողջ մնացածների հետ մեկ տարի քարանձավների մեջ թաքնվեց... 1916-ի գարնանը Մշո դաշտ հասած ռուսական զորքի թնդանոթների ձայնից մարդիկ քարանձավներից ու ձորերից եկան հավաքվեցին, միացան Անդրանիկ Զորավարի խմբին։
-Ժողովո՛ւրդ, բոլորդ էլ դարդի տեր եք ու իրար հարազատի պես նայեք: Եթե որևէ տղամարդ հանկարծ թեք աչքով նայի անծանոթ կնոջը, չե՛մ ների, կսպանե՛մ,- խիստ կարգադրեց Անդրանիկը։
Կորուստների մրմուռը սրտում՝ սոված ու կիսատկլոր գաղթականների խումբը, հետ-հետ նայելով, Արաքս գետն անցավ, Զորավարի հետ հասավ մինչև Զանգեզուր...
-Սիրելի գաղթականներ, իմ զորքն առաջ գնալու նպատակ ունի, և մենք պիտի բաժանվենք: Հիշո՞ւմ եք, ամիսներ առաջ ես տղամարդկանց խիստ զգուշացրի, որ չփորձեն ծուռ աչքով նայել անծանոթ կանանց: Հիմա ուրիշ բան եմ ասում: Մեծ մասդ ընտանիք եք կորցրել, ու մենակ ապրելը շատ դժվար է: Նույն ցավի տերն եք, հենց այստեղ ամուսին ընտրեք, որ միասին ցավին հաղթեք, գոնե տուն-տեղ դնեք, ապրել է պետք։ Աստված ձեզ հետ,- ասելիքն ավարտեց Զորավարը:


Շատերն արդեն մտքում ընտրել էին։ Եղսոն նկատել էր, որ ցրոնքցի Վահանը աչքի տակով հաճախ էր իրեն հետևում. ասելիքը լեզվի վրա էր, առիթ էր փնտրում: Քիչ հետո Վահանն ու Եղսոն գաղթականների խմբի հետ բռնեցին հետդարձի ճամփան: Յոթ ցրոնքցիները որոշեցին մի տեղ ապրել: Ձեն ձենի տվեցին ու հաստատվեցին Թալինի Սուսեր գյուղում:
...Եղսոն հենվել էր բարձին, աչքերը մթի մեջ ինչ-որ բան էին փնտրում: Հիշողության ժապավենը պատմում էր տառապանքը։
Տունուտեղ դրեցին, կորցրած հարազատների անուններով կանչեցին իրենց զավակներին... 1918 թվականի մայիսի մի առավոտ ցրոնքցի Մուրադը մութուլուսին դուռը զարկեց. «Վահա՛ն, պատրաստվի՛ր, կռիվ պիտի երթանք»:
-Էդ կռիվ ո՞ւմ դեմ է, Մուրադ,- հարցրեց Վահանը:
-Թուրքի դեմ է՝ Սարդարապատում:
-Հա՛, որ թուրքի դեմ է, գնացինք:
...Մեկ էլ երեք տարի հետո՝ փետրվարի 13-ին ցրոնքցի Մուրադը էլի մութուլուսին զարկեց իրենց դուռը. «Վահա՛ն, պատրաստվի՛ր, կռիվ պիտի երթանք»:
-Ո՞Ւմ դեմ պիտի կռվինք, Մուրադ:
-Բոլշևիկի՛...
-Էդ բոլշևիկ հա՞յ է, թե՞ թուրք:
-Հա՛յ է։
-Որ հայ է, ես հայի դեմ չեմ կռվի:
Մուրադը ձեռքը տարավ զենքին:


-Մուրա՛դ, իմ տան մեջ քու ձեռք զենքին չտանի՛ս,- մռայլվեց Վահանը:
-Դե լա՛վ,- հանդարտվեց Մուրադը և գնաց մյուս ցրոնքցիների հետևից։
...Թեև բաց պատուհանից ծղրիդների գիշերային համերգով ու բակի սուսամբարների բույրով լցվել էր ննջարանը, բայց Եղսոյի մտքում մեխվել էր 1937-ի փետրվարյան բուքի ոռնոցը, կարծես հազար գորշ գայլ միասին արյուն էին ոռնում։ Անհանգիստ շարժվեց բարձին. «Ստալի՛ն, քու վիզ կոտրեր, Վահանին չսարքեիր «ժողովրդի թշնամի»։
-Դու եղե՞լ ես Ցրոնքցի Մուրադի խմբում,- չոր տոնով հարցրեց ԷՆԿԱՎԵԴԵ-ի աշխատողը:
-Ինքն է եղել մեր խմբում,- մահվան ուրվականը կանխազգալով՝ պատասխանեց Վահանը:
-Դու մասնակցե՞լ ես Մայիսյան ապստամբության ճնշմանը:
-Դրանից գաղափար չունեմ:
-Սարդարապատին մասնակցե՞լ ես:
-Իհա՛րկե, մասնակցել եմ, թուրքի դեմ կռվանք:
-Դաշնակցական կուսակցության անդա՞մ ես:
-Մենք բոլորս էլ դաշնակցական ենք,- անթաքույց հպարտությամբ եզրափակեց Վահանը:
Առանց վկաների հարցաքննության՝ գործի հաջորդ էջին միանգամից գրվեց՝ գնդակահարել...
...Եղսոն բակում անհանգիստ շրջում էր, նկատեց հեռվից եկող փոստատարին։ Վազում էր երեխայի պես։ Փոստատարը տեսավ ու ինքն էլ սկսեց վազել։ Նամակը պարզապես թռցրեց փոստատարի ձեռքից, պատռեց ու նկարին նայեց՝ «Քու անուշ աչքերն են, Ազնի՛վ ջան, դո՛ւ ես...»:


Տնեցիները վազելով մոտեցան, հավաքվեցին հարևանները: Թանկ նամակը կարդալու պատիվը տվեցին Հայկ թոռանը, որ արդեն Երևանում ուսանող էր։ «Քո՜ւյր իմ, գալիս եմ Հայաստան` քեզ մոտ...»,- առաջին նախադասությունից հետո նամակի թափորը շարժվեց Եղսոյենց տուն։ Տարեցները թախտին տեղավորվեցին, մի մասը` աթոռներին, մյուսները` գետնի կարպետին, փոքրերը՝ ոտքի վրա... Հայկը հանդիսավորությամբ շարունակեց նամակը. «Եղսո ջան, ես անտեր, սոված ու ծարավ Ցրոնքից հասա Թուրքիայի մյուս ծայրը, մի կերպ առաջին պատահած նավը խցկվեցի: Կարևոր չէր, թե ինչ նավ է կամ ուր է գնում. մենակ Թուրքիայից փախչեմ։ Հասա Իտալիա, հետո տեղափոխվեցի Ֆրանսիա... Թե ոնց եմ ապրել, պատմելու բան չի։ Կգամ ու օրերով կպատմեմ։ Տարիներ անցան, արդեն մեծ էի, ընտանիք կազմեցի ու մնացի Լիոն քաղաքում։ Կորցրած եղբայրներիս անուններով կոչեցի զավակներիս...»։ Հայկի ամեն բառը արթնացող ցավի գլուլ-գլուլ կաթիլներով ակոսում էր տատի կնճիռները։
...«Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Փարիզից ժամանած ինքնաթիռը»,- բարձրախոսի ձայնը ավելացրեց մետաղացանցի հետևում սպասողների հուզումը: Եղսո տատին շրջապատել էին տասնյակ թոռներն ու զավակները, հարազատները: Ինքնաթիռի դուռը բացվեց, տասնամյակներով Հայրենիք տենչացող սփյուռքահայերը սանդուղքի վրա անուններ են ճչում, փորձում վայրկյան առաջ ճանաչել հարազատներին:
-Եղսո՜,- գոռաց Ազնիվն ու սկսեց թվարկել իր ու քրոջ որդիների նույն անունները՝ Արա՜մ, Լևո՜ն, Վարդգե՜ս, Աշո՜տ, Ռուբե՜ն...


Սպասասրահում անվտանգության աշխատակիցը հայտնեց, որ մինչև երեկո արտասահմանից եկածները պիտի հարցաքննվեն, հետո տեսակցություն կթույլատրեն հարազատներին։
-Իմա՞լ թե, իմ քույր եկե իմ տուն, չե՞ն թողնի տեսնիմ, էդ օրենք մարդու համար չի՞,- զայրույթից ու անհամբերությունից դեսուդեն էր գնում Եղսոն...
Երեկոյան ավտոշարասյունը հասավ Սուսեր: Գյուղի մեծ ու փոքր հավաքվել էին Եղսոյենց բակում: Ծանոթ ու անծանոթ համբուրվում էին, աչքերը սրբում...
-Թոնի՛ր վառեք իմ քրոջ պատվին, մեր տան ծուխ թող ելնի երկինք, մեր գյուղ չի մեռե,- քրոջ ձեռքերն ու աչքերն էր համբուրում Եղսոն: Մի պահ աչքերը խառնվեցին թոնրի կրակե լեզվակներին, միտքը գնաց հասավ Ցրոնք: -Ազնի՛վ, մեր կողքի գյուղի Խելառ Նունոյի պատմություն լսեր ի՞ս: Էդ գյուղ լրիվ կկոտորին թուրքեր: Հաջորդ առավոտ թուրքեր կտեսնին, որ գյուղի բոլոր երդիկներից ծուխ կելնի: Ջոկատ կուղարկեն, որ գյուղում մնացածներին սպանեն: Գիկան տեսնին մարդ չկա, համա թոնիրներ վառուկ ին: Հաջորդ առավոտ թուրքեր կտեսնին, որ երդիկներից նորից ծուխ կելնի: Նորից գիկան տեսնին՝ մարդ չկա: Մի քանի օր թուրքեր կընկնին կամուկացի մեջ՝ Աստծո՞ւ բան է... Մի օր էլ թաքուն կտեսնին, որ դարդից խելագար Նունոն է ավերված գյուղի թոնիրներ վառում՝ իրենց գյուղը չի մեռել... Ազնի՛վ ջան, այ էս մեր նոր թոնիրն էլ հնի պես զորավոր է... Քեզ հետ լավաշ կտանիս Ֆրանսիա...
Սուսերում բոլոր ընտանիքներն էլ կորցրած հարազատներ ունեին: Ազնիվի հետ կարծես բոլորն էլ վերադարձել էին: Օրական մի ընտանիք հյուրընկալում էր Ազնիվին։
Հետո հուշ դարձավ քույրերի հանդիպումը, օրերը հոսեցին Եղսոյենց բակի նիհար առվակի հետ, գնալ ու գալ եղավ։ Եղսոն գոնե մի անգամ հավատաց, որ էս կյանքում գաղթական մշեցու համար էլ Աստված հրաշքներ ունի պահած՝ Բլքարի հրաշքը։ Երազում հաճախ էր տեսնում, որ իրենց Բլքարը տեղից ընկել է ու բարձրացնող չկա: Հենց անկողնում էլ աղոթում էր. «Տե՛ր Աստված, դու մեր Բլքարի հրաշքն էլ կատարես»:


...ՈՒթսունհինգամյա Եղսոն ծանր էր շնչում, հայացքը հանգչող մայրամուտին էր։ Մահճակալը շրջապատել էին զավակները, թոռները, ծոռները: Հայացքով մոտ կանչեց Ռուբեն որդուն.
-Իմ գնալու ժամն է: Սիրով ու համերաշխ ապրիք, որ ուժեղ մնաք: Բոլորիդ մի խնդրանք ունիմ. երազում միշտ կտեսնիմ, որ մեր Բլքարն ընկած է իր տեղից: Երբ հաջողվի Էրգիր երթաք, մեր Բլքարն իր տեղ դնեք...

Դիտվել է՝ 190802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ