ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը հանդես են եկել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
«Մեր հայ ընկերների հետ բանակցությունները, ինչպես միշտ, կառուցողական էին, հագեցած և բարեկամական: Հենց այդ տրամադրվածությունն է մեզ օգնում լուծել ամենատարբեր խնդիրներ, առավել ևս, որ այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, իսկ մեր ժողովուրդների միջև բարեկամության պատմությունը չափվում է դարերով:
Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Նրա բաժինն արտաքին առևտրում կազմում է մոտավորապես 25 տոկոս, և չնայած բավական բարդ կոնյունկտուրային, ինչի մասին մենք այսօր խոսում էինք իմ գործընկերոջ հետ, փոխադարձ առևտրաշրջանառության ցուցանիշները լավ են մնում: Նախորդ տարի այդ թիվն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար էր, բայց հարցը միայն բացարձակ թվերի մեջ չէ: Չնայած էներգակիրների գների և առանձին ապրանքների գների իջեցմանը, որոնք մատակարարվում են մեր երկրներից, ապրանքների ընդհանուր թիվը չի նվազում, այլ ավելանում է, այսինքն՝ իրական արտահանումն աճում է, չնայած այս կամ այն չափով գնային փոփոխություններին: Եվս մեկ հանգամանք, որի մասին ես ասացի իմ գործընկերոջը. նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը, ինչը կապված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ և արտացոլում է մեր ընդհանուր նպատակը դեպի ինտեգրում: Խոսելով գյուղատնտեսության մասին, պետք է ասեմ, որ այստեղ կա զարգացման շատ լավ ներուժ՝ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից, ինչի մասին մենք նույնպես խոսեցինք իմ գործընկերոջ հետ: Այժմ կան մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում: Մեր շուկան մեծ է, և կարծում եմ՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ նաև այս ուղղությամբ:
Մենք քննարկել ենք նաև համագործակցության մի շարք այլ ուղղություններ, նաև ներդրումային համագործակցությունը և այդ նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Իմ գործընկերոջ հետ պայմանավորվել ենք համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տալ՝ վերլուծելու նման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղությունները և ֆինանսավորման աղբյուրները:
ԵԱՏՄ շրջանակում մենք այժմ խաղի միասնական կանոններ ունենք: Դրանք հասկանալի են և ռուսաստանյան, և հայաստանյան բիզնեսին: Մենք կարծում ենք, որ մաքսային և այլ բյուրոկրատական ընթացակարգերն ավելի քիչ կլինեն, այդ պատճառով պետք է առաջ շարժվել մեր շուկաները բացելու համար: Ակնհայտ է, որ կան մի շարք այլ ուղղություններ ևս: Հենց նոր ստորագրվեց Միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը առաջիկա 5 տարվա համար, համագործակցության հուշագիր ՌԴ արդյունաբերության նախարարության ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև: Դրանք նաև այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա կարելի է կառուցել տնտեսական համագործակցությունը մոտակա տարիների համար: Իհարկե, շատ կարևոր է նաև հումանիտար ասպեկտը, մեր քաղաքացիների միջև ուղիղ կապերի ընդլայնումը: Այստեղ մեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց, այնուամենայնիվ, մենք պայմանավորվել ենք, և դա ևս ընթացիկ այցի արդյունք է, որ մեր երկրի բնակիչները կարողանան Հայաստան այցելել նաև ներքին քաղաքացիական անձնագրերով, ինչի մասին հենց նոր փաստաթուղթ ստորագրվեց: Դա կամրապնդի համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին հումանիտար, մարդկային հարթության վրա համագործակցությունն է:
Չնայած մեր երկրների միջև տնտեսական կապերը համընդգրկուն բնույթ ունեն և Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առաջատար գործընկերը, այնուամենայնիվ, կա ոլորտ կամ նշաձող, որտեղ այդ համագործակցությունը կարելի է զարգացնել գործնականում զրոյից: Դա շատ կարևոր է մեր հարաբերությունների ապագայի համար: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Կարեն Վիլհելմի Կարապետյանին, մեր մյուս հայ բարեկամներին՝ համատեղ աշխատանքի համար»,- ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Մոսկվա այցելելու հրավերի, հայկական պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության համար, կառուցողական և բեղմնավոր հանդիպման համար: «Մենք բոլորովին չենք թաքցնում և հստակ ցույց ենք տալիս, որ Մոսկվա այցը՝ այց է բարեկամական, եղբայրական, դաշնակցային երկիր: Ցանկանում եմ հայտարարել ուղիղ, առանց ավելորդ դիվանագիտության, մենք շատ գոհ ենք այսօրվա բանակցություններից և այն արդյունքներից ու հանձնարարականներից, որոնք տրվել են համապատասխան կողմերին՝ հետագա համագործակցության առիթով: Մենք Ռուսաստանի կառավարության նախագահի հետ քննարկել ենք կատարված աշխատանքի արդյունքները, արձանագրել ենք հարաբերությունների շատ բարձր մակարդակ, սակայն միաժամանակ կարծում եմ, որ բոլորը համաձայն կլինեն, այդ հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է: Քննարկել ենք մի շարք ուղղություններ, թե ինչպես պետք է ընթանան ռուս-հայկական հարաբերությունները և կարծում եմ, որ մենք ուղենշեցինք զարգացման ոլորտներն ու կոնկրետ միջոցառումները:
Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի ստորագրմանը, ես կարծում եմ, որ դա ուժեղ թափ կհաղորդի մշակութային, հումանիտար հարաբերություններին: Ես կարծում եմ, որ Հայաստանը, որպես տուրիստական գոտի, Ռուսաստանի քաղաքացիների համար թերագնահատված է: Մենք այս տարի սպասում ենք սկզբունքային նոր փոփոխություններ դրական առումով:
Դմիտրի Անատոլևիչ, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ պաշտոնական այցով հրավիրել Երևան,կարծում եմ, որ ուղղությունները, որոնց մասին Դուք նշեցիք՝ ունեն հսկայական ապագա: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Կ. Կարապետյանը: