Երգեր կան, որ երբեք չեն հնանում, չեն մոռացվում, դառնում են հարազատ, սիրելի, ու շատ դեպքերում չենք էլ իմանում` ո՞վ է հեղինակը, ինչպե՞ս և ե՞րբ է ծնվել երգը:
«Թռչեի մտքով տուն»... Տարբեր առիթներով, նաև պատերազմական օրերին հաճախ ենք լսում «Մարտիկի երգը»: Խոսքերի հեղինակը Գեղամ Սարյանն է, երաժշտությունը` Աշոտ Սաթյանի: Նվիրվել է Համաշխարհային մեծ պատերազմին:
«Բնական է, եթե լավ երգ է, լայն տարածում է գտնում, ժողովուրդը սիրում է, սկսում է ընկալել որպես հարազատ, ազգային երգ: Դրանց թվում է Աշոտ Սաթյանի «Կարոտի երգը», որ հետագայում վերանվանվեց «Մարտիկի երգը»,- մեզ հետ զրույցում ասաց կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Այն, որ երգը շատերը ժողովրդական են համարում, Արամ Սաթյանի համար գաղտնիք չէ, հաճախ է լսել, անգամ Բուլղարիայից են զանգահարել, հարցրել այդ մասին: Ասել է, որ ժողովրդական երգ չէ, հեղինակ ունի:
«Մարտիկի երգը» հանդիպել է նաև արգելքների: Միառժամանակ չի հնչել ռադիոյով և հեռուստատեսությամբ: Արամ Սաթյանը նշեց, որ գրվել է խորհրդային տարիներին, ու կոմունիստական որոշ այրեր մտածում էին` ինչպե՞ս կարող է զինվորը խրամատում հիշել իր տունը, մտածելով տան մասին` կարող է մտածել փախուստի մասին. «Չէին հասկանում, որ դա հայերին բնորոշ է: Եթե իր տունը չհիշի, երբեք չի մարտնչի: Ինչո՞ւ ենք մենք շարունակ հաղթանակած դուրս գալիս, որովհետև մեր հողի վրա ենք, պաշտպանում ենք մեր տունը: Մարտիկը գիտի, որ թիկունքում իր ընտանիքն է` մայրը, հայրը, կինը, երեխաները»:
Ինչ վերաբերում է կատարումներին, մեր զրուցակիցը նկատեց, որ կատարողը պետք է համաստեղծագործող լինի, թափանցի ստեղծագործության խորքը, զգա, թե ինչ է մտածել հեղինակը. «Երբեմն հնչում է որպես գեղեցիկ մեղեդի, բայց նկատելի է, որ կատարողը չի ապրում գործը: Ստեղծագործությունը գրված է նրա համար, որ մարդկանց հուզի, մարդկանց տանի իր հետևից: Լավ մատուցման դեպքում է այն հաջողություն ունենում:
«Մարտիկի երգի» լավ մեկնաբանություններ եղել են, կատարել են ժամանակի մեր լավագույն դասական երգիչները: Հետագայում լավ կատարումների երբեմն հանդիպում ենք փոփ երաժշտության մեջ: ԱՄՆ-ում կոմպոզիտորների միության կազմակերպած համերգի ժամանակ օտարերկրացի երգիչները հայերեն երգում էին` «Թռչեի մտքով տուն...», հետաքրքիր կատարում էր, ակնհայտ էր, որ ապրում են երգը: Հենց այնպես, միապաղաղ, քնած ռիթմով չի կարելի երգել «Մարտիկի երգը», ինչ է թե քնարական է: Ո'չ, հակառակը, մեկ անգամ ևս պետք է զգոն լինենք ու արթուն, պետք է զգանք այն, ինչ զգացել է հեղինակը»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ