Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նախագահը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ

Նախագահը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ
28.02.2017 | 23:14

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ: Սերժ Սարգսյանը և Ենս Ստոլտենբերգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում


Ինձ համար շատ մեծ պատիվ է կրկին գտնվել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և հանդիպել Ձեզ հետ՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Այս տարի լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25-ամյակը: Քառորդ դար առաջ էր՝ 1992 թվականին, երբ նորանկախ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ հիմք դնելով ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների ձևավորմանը: Եվ ուրախությամբ եմ այսօր փաստում, որ այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, որոնք հիմնված են հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա, ունեն բավական հարուստ օրակարգ: Այն ներառում է թե ամենաբարձր մակարդակներում քաղաքական երկխոսություն և թե գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ:
Գլխավոր քարտուղարի հետ մենք երկուստեք կարևորեցինք քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակի պահպանումն ու պարբերական շփումների շարունակականությունը, ինչպես նաև քննարկեցինք ՆԱՏՕ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:


Արձանագրեցինք, որ հաջողությամբ իրականացվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 4 ծրագրեր, և ներկայումս հաստատման փուլում է գտնվում 2017-2019 թվականների համար արդեն հինգերորդ ծրագիրը: Հատուկ ընդգծեցինք Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության մոտալուտ մեկնարկի կարևորությունը: Եվ ես պարոն գլխավոր քարտուղարին հրավիրեցի գալ Հայաստան, որը շատ լավ առիթ կլինի ի մի բերելու այս 25 տարիներին մեր կատարածը և նախանշելու ապագա մեր գործողությունները:


Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի: Հայաստանն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության գործին, քաջ գիտակցելով, թե որքան է աշխարհն այսօր փոխկապակցված, և որ այլևս չկան առանձին պետությունների անվտանգային մարտահրավերներ: Դրանք պատկանում են առանձին երկրների և բոլորին: Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության արդյունքում զարգացնելով խաղաղապահության ոլորտում իր կարողությունները՝ Հայաստանը վերջին տարիներին ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը. Կոսովոյում և Աֆղանստանում ընդգրկվածությանը զուգահեռ այսօր մեր զինվորականները մասնակցում են նաև ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում և Մալիում իրականացվող առաքելություններին: ՈՒրախությամբ եմ նշում, որ Հայաստանը Դաշինքի և անդամ պետությունների կողմից գնահատվում է որպես «ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր»:
Հպարտ եմ նաև, որ մեր զինվորականները այս առաքելություններում գնահատվում են որպես պատրաստված, կարգապահ և պատասխանատու մասնակիցներ: Վստահ եմ, որ խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ձեռք բերված միջազգային փորձառությունն ու կարողությունները մեր զինվորականները լավագույնս կծառայեցնեն մեր բանակաշինության գործին:


Անշուշտ, անդրադարձ կատարեցինք մեր տարածաշրջանի ամենապայթյունավտանգ անվտանգային մարտահրավերին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: Այս համատեքստում մեծապես կարևորեցի ՆԱՏՕ-ի և անձամբ պարոն Ստոլտենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Շնորհակալ եմ, պարո՜ն գլխավոր քարտուղար, մեզ աջակցելու համար, ես ի նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու համար:


Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ» է, և այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Մենք փաստեցինք, որ համաձայն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի՝ «Հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, ազատության և արդարության ապահովումը, և ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար»:


Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը շարունակելու աշխույժ դրական օրակարգ ձևակերպել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության և դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով: Հույս եմ հայտնում նաև, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ իմ հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում


Ջերմորեն ողջունում եմ Ձեզ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Հաճելի է Ձեզ կրկին հանդիպել: Մենք վերջին անգամ հանդիպել ենք անցյալ տարի հուլիսին Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ես նաև ողջունում եմ մեր շատ կառուցողական և հետաքրքիր քննարկումները, որ հենց նոր մեր հանդիպման ընթացքում անցկացրինք: Ողջունում եմ այն գործընկերությունը, որ երկար տարիների ընթացքում մենք զարգացրել ենք ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև: Դա լավ է և Հայաստանի, և ՆԱՏՕ-ի համար: Ես ողջունում եմ այն, որ մենք մեր հանդիպման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես կարող ենք առաջ մղել մեր գործընկերությունը և շարունակել ամրապնդել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը: Մենք զարգացրել ենք մեր գործընկերությունը երկար տարիների ընթացքում: Ի դեպ, այս տարի Ձեր՝ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին միանալու 25-րդ տարեդարձն է: Դա որոշիչ ժամանակ էր, որ հաջորդեց Սառը պատերազմի ավարտին: Հենց դա է մեր գործընկերության հիմքը, որի վրա երկար տարիների ընթացքում մենք կառուցել եք մեր հետագա համագործակցությունը:


Դուք մասնակցեցիք Վարշավայի գագաթնաժողովին, որովհետև Ձեր երկիրը կարևոր ներդրում է ունեցել Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Շատ շնորհակալ եմ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությանը Հայաստանի մասնակցության և այդ գործին իր ներդրման համար: Հայաստանը նաև աջակցում է Կոսովոյում մեր խաղաղապահ առաքելությանը, ինչը նպաստում է Արևմտյան Բալկաններում կայունություն ապահովելու: Հայկական զորքերը օգնում են կայունություն հաստատել այդ երկրներում: Մենք երախտապարտ ենք Ձեր ներդրած ավանդի համար, որն օգնում է Եվրատլանտյան շրջանը դարձնել ապահով և առավել անվտանգ:


ՆԱՏՕ-ն հանձնառու է աշխատել ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս գործընկերների հետ, որովհետև համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև բխում է երկու կողմերի շահերից էլ: Այժմ մենք մշակում ենք նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, որ համապատասխանեցված է Ձեր կարիքներին և պահանջներին: Առավել սերտ համագործակցության ներուժ եմ տեսնում փոխգործակցելիության, պաշտպանական բարեփոխումների և այդ ոլորտում կրթության բնագավառներում: ՆԱՏՕ-ն և մեր դաշնակիցները ունեն զգալի փորձառություն պաշտպանության և անվտանգության ոլորտների բարեփոխումների համար: Հայաստանը կարող է ապավինել այդ ռեսուրսներին:
Ես ուզում եմ Ձեզ շնորհավորել նաև Բարեվարքության ամրապնդման ծրագրում մասնակցելու համար, որ ուղղված է բանակում կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև Ձեր՝ «Կանանց, խաղաղության և անվտանգության» վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման գործում գրանցած առաջընթացի կապակցությամբ: Սրանք կարևոր քայլեր են բոլորիս համար:
Մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես մտահոգված եմ շփման գծում շարունակական խախտումներով՝ ներառյալ այս հանգստյան օրերին: Շատ կարևոր է խուսափել լարվածության աճից, որովհետև այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա շարունակականությունը ետ է մղում ողջ տարածաշրջանի զարգացումը: ՈՒստի մենք խրախուսում ենք և՜ Հայաստանին, և՜ Ադրբեջանին վերադառնալու բանակցային սեղանի շուրջ և աշխատելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Մինսկի խմբի ջանքերին այդ ուղղությամբ:


Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այսօր այստեղ գալու, ինչպես նաև մեր սերտ համագործակցության համար, որն իմ կարծիքով՝ լավ է թե Հայաստանի և թե՜ ՆԱՏՕ-ի համար:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ