Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀՀ նախագահի հանդիպումները Բրյուսելում

ՀՀ նախագահի հանդիպումները Բրյուսելում
01.03.2017 | 20:22

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպման սկզբում նա գոհունակությամբ է փաստել, որ հերթական հանդիպումը կայանում է Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համար կարևորագույն պահի, երբ մեկ օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հայտարարվեց նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ դեռևս մեկ տարի առաջ Երևանում կայացած հանդիպմանը քննարկում էին Հայաստան-Եվրամիություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, որի մեկնարկը ժամանակին տիկին Մոգերինին անձամբ է ազդարարել: Նախագահ Սարգսյանն այդ ձեռքբերումը փոխադարձ հանձնառության և երկու կողմերի թիմերի նվիրված ու լուրջ աշխատանքի արդյունք է համարել:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է, որ կարելի է գոհունակությամբ խոսել վերջին երկու տարիների համատեղ ձեռքբերումների մասին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, առկա խնդիրներն ու մտահոգությունները: Նախագահը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն ու այդ երկրի կողմից ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով ու նաև Հայաստանի պետական սահմանի վրա պարբերաբար հրահրվող սադրանքները, հրաժարումը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից, որոնք, ըստ նրա, հարցականի տակ են դնում միջազգային հանրության՝ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված երկարամյա ջանքերը և ողջ բանակցային գործընթացը։


Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ նախագահը գոհունակությամբ է խոսել այցի բավականին հագեցած ու արդյունավետ օրակարգի մասին, հույս հայտնելով, որ ԵԽ նախագահ Տուսկի, ԵԺԿ նախագահ Դոլի հետ անկեղծ մթնոլորտում տեղի ունեցած քննարկումները, ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Տայանիի հետ կայանալիք հանդիպումներն անպայմանորեն իրենց ներդրումը կբերեն Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության խորացմանը:


Սերժ Սարգսյանը կարևորել է նախօրեին նախագահ Տուսկի հետ միասին ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ավելի քան մեկ տարի ընթացող բանակցային գործընթացի ավարտի մասին հայտարարելը: Նոր համաձայնագիրը, հանրապետության նախագահի համոզմամբ, ամուր իրավական հիմք կհանդիսանա առաջիկա տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման ու զարգացման համար, և դրանում արտացոլված երկուստեք հանձնառություններով կուղղորդվեն նաև Հայաստանի քաղաքական ու տնտեսական լայնածավալ բարեփոխումները, որոնք ընկած են երկկողմ հարաբերությունների հիմքում: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ի լրումն ձեռք բերված պայմանավորվածությունների, առաջիկայում կողմերը աշխատանքներ կտանեն նաև ՀՀ-ԵՄ ներդրումների ներգրավման ուղղությամբ: Միաժամանակ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին կլինի շարունակական: Սերժ Սարգսյանը անհերքելի փաստ է համարել այն, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն արդեն իսկ մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում զգալի առաջընթացին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ինստիտուտի ամրապնդմանը: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց հեռանկարին: Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը ևս ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, մեծ կարևորություն է տալիս ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացմանը` նպատակ ունենալով երկրում շարունակել և առաջ մղել բարեփոխումների օրակարգն ամենատարբեր ոլորտներում:


Սերժ Սարգսյանը և Ժան-Կլոդ Յունկերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու մտահոգությունները: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը, որը համահունչ է հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ձևակերպումներին:


Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում` սիրիական ճգնաժամի շուրջ, անդրադարձել փախստականների հիմնախնդրին և բազմաթիվ երկրների հետ միասին Հայաստանի կողմից Սիրիայի բարեկամ ժողովրդին ու սիրիահայերին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ