Հայաստանը և Եվրամիությունն ավարտել են բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ, որ կոչվելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում է Euronews-ը, համաձայնությունը ձեռք է բերվել այս շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել այցի շրջանակներում:
Փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի մայիսին: ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները եզրափակելուց հետո Սարգսյանը հարցազրույց է տվել Euronews-ին: Նա շեշտել է, որ հարկավոր է խոսել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության համագործակցության մասին, իսկ Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է:
Լրագրողի հարցին, թե ինչ կարող է Հայաստանն առաջարկել Եվրոպային, բացի Հենրիխ Մխիթարյանից, Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ, մենք Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, մենք ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ մենք Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Բայց ամենակարևորը, մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան»:
Անդրադառնալով 2015-ին տեղի ունեցած հանրաքվեին, որով Հայաստանը դառնալու է խորհրդարնական պետություն, Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական համակարգը ավելի արդյունավետ լինելուց բացի, հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ավելի ակտիվ մասնակցել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը և երկրի կառավարմանը: