Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ազգային մեծ ժողովում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում. Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։               
 

Անվճար դիահերձում

Անվճար դիահերձում
07.03.2017 | 08:42

Վրեժ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Թաղման մեծ թափորը, զրահամեքենաների, զինվորական նվագախմբի և պատվո զորախմբի ուղեկցությամբ, դանդաղ գնում էր դեպի Եռաբլուր... Խանութ շտապող Հասմիկի աչքերի առջև կռված, մի քանի անգամ վիրավորված ու հիվանդանոցում մահացած ամուսնու թաղման խղճուկ թափորը մշուշվեց… Հենվեց մայթեզրի ծառին՝ «Է՜, Տիգրան ջան, մեռնելու հարցում էլ բախտներս չբերեց՝ մի թաղման փող ինձ ու մի հարսանիքի փող աղջկադ համար չթողեցիր, անշուք գնացիր, ասին՝ «Կռվի դաշտում չի զոհվել, ճիշտ է՝ վիրավորվել է, բայց հիվանդանոցում մեռավ, ուրեմն՝ սովորական մեռել է...»։ Իսկ դու համեստորեն լռում էիր, չթողեցիր անգամ հիվանդության կարգ հանեինք, որ գոնե մարդիկ իմանային՝ քո ցավը մարմնում եղած թուրքի գնդակներից է, ոչ թե ժառանգական հիվանդության։ Հետո դիահերձարանում բժիշկը, երբ մարմնիդ մեջ եղած բեկորները տեսել էր, հերձման քսան հազար դրամը վերադարձրեց... Ամոթից կարմրել էր, աչքերիս մեջ չկարողացավ նայել, միայն մի քանի բեկոր ինձ տվեց... Էդ էլ քո ժառանգությունը զավակներիդ։ Տիգրան ջան, մենակ էդ մի արտոնությունից օգտվեցինք՝ անվճար դիահերձում... Ախր Հայրենիքը հո մենակ քեզ համար չէր. երրորդ վիրավորվելուց հետո նորից ճակատ գնացիր... Միամիտ ջան, ինձ էլ համոզում էիր, որ հենց կռիվը պրծնի, մենք լավ ենք ապրելու՝ մեր էրեխեքն էլ են սիրուն շորեր հագնելու, մեր սառնարանի դուռը բացելիս չենք կարմրի, առանց ամաչելու մենք էլ հյուրեր կհրավիրենք, ինձ թանկարժեք մորթիով կաշվե վերարկու կառնես, բայց դեռ աղջիկ ժամանակվա շորերն եմ հագնում...»։


Թաղման թափորը վաղուց անցել էր, իսկ Հասմիկը, դեռ ծառին հենված, խոսում էր հանգուցյալ ամուսնու հետ, հանդիմանում, հետո խոնավ աչքերով ներողություն խնդրում՝ «Ախր, Տիգրա՛ն ջան, էսօր ապրելը մեռնելուց դժվար է, քեզ հիշողները քչացել են, մենակ մարտական ընկերներդ են մեկ-մեկ զանգում, մեր հալ ու քեֆը հարցնում»։ Հասմիկը սթափվեց, հիշեց, որ աղջկա համեստ հարսանիքի համար միս պիտի գնի։
Սուպերմարկետի մսի սրահի մոտ հերթը նոսրացել էր։ Հասմիկը հայացքով մի քանի անգամ տնտղեց մսաշարերի միջի ամենափոքր կտորը, հետո մի թեթև հայացք նետեց հերթում կանգնածներին, ապա ընդգծված հպարտությամբ դիմեց մսավաճառին՝ «Քսան հազար դրամի միս տուր»։


-Քույրի՛կ, ուզում ես՝ եթե ավելի լինի, չկտրեմ, լրիվ կտորը տամ,- առաջարկեց մսավաճառը։ Հասմիկը մտքում կարկամեց՝ «Ես ոնց էս մսավաճառին բացատրեմ, որ հարսանիքի մսի համար հազիվ այդքան գումար է նախատեսված. էն էլ քավոր Միսակից ենք պարտք վերցրել։ Ես տասնհինգ հազարի էի նախատեսել, բայց աղջիկս ամաչելով ասաց՝ «Մա՛մ, խնամիները կարող է շատ գան, էդքանը հեչ չի հերիքի»։ Համ էլ՝ չասեն՝ անտեր կնիկ է... Չէ՛, գիշերները լվացք կանեմ, աղջկաս սիրտը չեմ կոտրի... Մարդուս կորցրի, բայց հո հպարտությունս չեմ կորցրել...
-Չէ՛, չէ՛, ախպեր ջան, էդքանը տասը հոգու ընդմիջման համար է,- ելքը գտավ Հասմիկը՝ ձեռքով թաքցնելով շորի չափից ավելի մաշված, համարյա ծակված մասը։ -Շան համար էլ մի քանի կիլո արդեն վերցրել ենք, ավելին պետք չի, կտրի, թող մնա քսան հազարի։
Հասմիկը աչքի տակով կրկին նայեց հերթում կանգնածներին՝ երանի ծանոթներ լինեին, հատկապես էն հարուստ հարևանի կնիկ Սուսանը, ում հետ անցած շաբաթ վիճել էր... Օրը մեկի հետ սիլի-բիլի անող անզգամը վերջում իրեն վիրավորել էր՝ «Անտեր սոված շներ, բոմժեր, մեր տան շների մի օրվա բաժինը ձեր ընտանիքի մի ամսվա կերածից շատ է»։ Հասմիկը շատ ափսոսեց՝ «Սուսանը թե տեսներ, որ միանգամից էսքան միս եմ առնում, հաստատ չկամությունից կկուրանար»։ «Անտեր սոված շներ...» վիրավորանքը անսպասելի զարթնեց ու դանակի պես խրվեց սիրտը, արյունը տվեց գլուխը, աչքերը զայրույթից մթնեցին։ Հասմիկը չհասկացավ ինչ պատահեց։ Անզորության ամոթը գալարվեց ներսում, աչքերի առջև փչացած հարևանուհու հղփացած դեմքն էր, ու մտքում ելք փնտրող զայրույթը ակամա բարձրաձայն շպրտեց ժպտացող մսավաճառին՝ «Դո՛ւք եք սոված շները»։


-Էդ ի՞նձ ասեցիր՝ սոված շներ,- պոռթկաց մսավաճառը՝ սպառնալով ոսկրոտ միսը շրմփացնել անդաստիարակ գնորդի գլխին։ Հասմիկը անզորությունից փղձկաց... Հերթում կանգնած մի կին, միջադեպը հարթելու համար, անմիջապես ցուցամատը դնելով ճակատի աջ մասին՝ հասկացրեց, որ գնորդը հոգեկան հիվանդ է։ Ամեն ինչ հարթվեց... Թուլացած ոտքերը նրան հազիվ հասցրին դրամարկղի մոտ։ Հասմիկը ափի մեջ քրտինքից արդեն ճմռթված քսան հազարը մեկնեց դրամարկղի աղջկան՝ չմոռանալով կողքերը նայել։ Ախր, հակառակի պես իրենց մուտքից մարդ չկար։
-Մորքո՛ւր ջան,- էս փողը կարող ա՞ լվացքի մեքենայի միջից ես հանել,- կատակի տվեց գանձապահը։
-Աղջի՛կ ջան, արդեն հինգ տարի ես լվացքի մեքենա չունեմ, լվացքն էլ էս ձեռքերով եմ անում,- կոշտուկոտ ափերը պարզեց Հասմիկը։ Անկեղծությունը չդիմացավ կոկորդում, խեղճությամբ դուրս եկավ՝ իր հետ աչքերից գլորելով արճճի պես ծանր երկու կաթիլ:
Դրամարկղի ջահել աղջիկը ցավ զգաց աննրբանկատ կատակի համար և ժպիտով ներողություն հայցեց՝ «Կներե՛ս, մորքուր ջան, ակամա ստացվեց... Դե լա՛վ, որպես տուգանք՝ քեզ սրտանց մի տուփ քաղցրավենիք եմ նվիրում, մոռացիր ասածիս դառնությունը...»։ Աղջկա զղջումը և աչքերի բարությունը անկեղծ էին։
Հասմիկը ներողության համար լավ զգաց իրեն, նույնիսկ մի թեթև հուզվեց՝ «Այ քեզ բա՜ն, աղքատների՞ց էլ ներողություն խնդրող կա»։ Մի երկար ժպիտով ներեց գանձապահին, նվեր ստացած տուփից բլիթներ նվիրեց հերթում կանգնածներից մեկի երեխային և դանդաղ դուրս եկավ։


Շենքի մուտքին չհասած՝ էլեկտրիկը Հասմիկի ձեռքից բռնեց՝ «Հասմի՜կ, էս տասն օր խոստանում ես հոսանքի պարտքը փակել, ձեն-ձուն չկա, բայց ոնց որ խորովածի պատրաստություն ես տեսնում, ինչ էլ շատ միս է. թաքնված օլիգա՞րխ ես։ Վերջին ժամկետը՝ էս շաբաթ օրը։ Որ պարտքը չփակես, հոսանքը կանջատեմ»։
Հասմիկի աչքերը մթնեցին... Ժապավենի պես աչքերի առջև շաբաթ օրը կայանալիք հարսանիքն եկավ՝ խնամիներն արդեն խորովածից են օգտվում, ինքն էլ հարևանուհու օգնություն ստացած կանաչ-կարմիր շորով շրջում էր սեղանների արանքում ու ժպտում ապագա փեսայի մորը, որ հարսի մատանու տուփը հանդիսավոր բացեց։ Մեկ էլ՝ հոսանքն անջատվեց, դուռը շըրխկ բացվեց, ու առանց երկար-բարակ մտածելու՝ ներս խուժած քեֆը լավ էլեկտրիկը մռթմռթաց՝ «Հոսանքի փող չունես, բայց ճոխ քեֆեր ես անում... »։ Աղջիկը փղձկաց... Հասմիկը ամոթից աչքերը փակեց՝ «Խնամի ջան, հիմա կբացատրե՛մ...»։
-Ես քեզ ի՞նչ խնամի,- տարակուսած շպրտեց էլեկտրիկը։


-Վա՜յ, էս աչքիս շաբաթ օրն էր, ինչ լավ է, որ էսօր չորեքշաբթի է,- սթափվեց Հասմիկն ու խնդրանքով նայեց էլեկտրիկի աչքերին՝ «Շա՜տ եմ խնդրում, էս եկող շաբաթ օրը հոսանքը չանջատես, աղջկաս հարսանիքն է. մնացած օրերին ինչ ուզում ես արա»։
-Հը՜մ, ոնց որ թե իմ ուզածը կպավ՝ «Մնացած օրերին ինչ ուզում ես՝ արա»,- Հասմիկի խնդրանքը մտքում վավաշոտ շուռումուռ տալով՝ պռոշը կծեց էլեկտրիկը, խորամանկ ժպիտով համաձայնություն տվեց ու գնաց հաջորդ պարտք ունեցողի տունը։
«Էս անասունի պարտքը ո՞նց փակեմ, շան հայացքով էր նայում»,- դուռը հրեց Հասմիկը՝ մտքում փնտրելով անհուսալի վերադարձով պարտք տվող ուրիշ բարեկամի։
-Հասմի՛կ ջան, շուտ եմ եկել, խմիչքի համար քո ուզած հիսուն հազարը բերել եմ,-առանց բարևի՝ շտապ հայտնեց հորաքրոջ աղջիկը։


Հասմիկը մտքում հաշվեց՝ դեռ հարյուր հազար էլ պիտի ճարի... Աչքերը օդում ինչ որ բան էին որոնում՝ «Է՜, Տիգրա՛ն ջան, բա մեռնելու ժամանակ գտար, աղջիկ եմ պսակում առանց քեզ... Ես էլ անմարդ կնիկ դարձա, էս գող ու խուժան էլեկտրիկն էլ թարս աչքով է էսօր ինձ նայում։ Հաստատ, որ հանկարծ լկտիանա, հացի դանակը փորը կխրեմ։ Գնամ տեսնեմ ումից պարտք խնդրեմ։ Չէ՛, ավելի լավ է գնամ եկեղեցի երկու մոմ վառեմ, ասում են՝ Աստված երբ բոլոր դռները փակում է, մեկը միշտ բաց է թողնում...»։
Երկու մոմերը դեռ կիսատ էին հալվել, մոտեցավ մոմավաճառը և կիսավառ մոմերը հանգցրեց, որ կրկին հալեցնի՝ նորը պատրաստելու համար։ ՈՒզեց ընդվզել, բայց չհանդգնեց եկեղեցու աշխատողի հետ վիճել՝ «Սրբերն էլ էս անաստվածների կողմն են»... Աղոթքը կիսատ՝ դուրս եկավ բակ, որ հանկարծ չճչա... Մոլորված հասավ շենքի շքամուտքին, աչքերին չհավատաց. իրեն էին սպասում ամուսնու ճակատային ընկերները... Մի աղոտ հույս լցվեց Հասմիկի սիրտը, անմիջապես ներս հրավիրեց։


-Հասմի՛կ ջան, լսել ենք, որ աղջկադ ամուսնացնում ես, դե գիտես՝ մի տնից չենք, մի հալի ենք, բայց էս երեք հարյուր հազար դրամը մեր կողմից նվեր,- խեղճացած ասաց ոտքից վիրավոր ընկերը։
Հասմիկը ուզեց խոսել, շնորհակալություն հայտնել, ճչալ, որ Տիգրանի ընկերներն են եկել, հարևաններին բացատրել, որ իրենք անտեր բոմժ չեն, բայց լեզուն լլկվել էր, մտքի մեջ էր խոսում... Մի քանի վայրկյան հետո միայն բառերն ու արցունքը միասին հորդեցին... Ասելու բան չկար, ոչ ոք ոչինչ չասաց... Տղերքը գլխիկոր հեռացան՝ մտքում արտասվելով...
Հասմիկը երկար-բարակ հաշվեց՝ եղած գումարով հարսանիքի պարտքերը և հոսանքի վարձը կփակի, մի տասը հազար դրամ էլ կավելանա։ Մի քանի անգամ գումարը հաշվեց, որ ձեռքերը փող հաշվելու կարոտը առնեն, աչքերը հավատան, սիրտը հովանա... Ավելացող տասը հազարը դրեց գրպանը, մնացածը թաքցրեց հնամաշ ներքնակի տակ։ Բայց չդիմացավ, անմիջապես հավաքեց էլեկտրիկի համարը և կարճ կապեց՝ «Կարող ես գալ...»։ «Այ քեզ հաջողությո՜ւն, էս ինչ շուտ խելքի եկավ»,- վավաշոտ շուրթերը լպստեց էլեկտրիկն ու շտապեց Հասմիկենց տուն։ Դուռն առանց թակելու ինքնավստահ հրեց էլեկտրիկն ու տիրոջ իրավունքով ներս մտավ։


-Էս քո պարտքը, տակա՛նք... Որ խելոք չմնաս, կասեմ ամուսնուս ֆիդայի ընկերներին՝ ականջներդ կկտրեն, հենց նոր գնացին,- սիրտը երանությամբ դատարկեց Հասմիկը։ Պռոշները կծում էր, եղունգները ծակում էին բռունցքված ափերը՝ միայն թե լաց չլինի, էլեկտրիկը չտեսնի իր թուլանալը... Էլեկտրիկը, ֆիդայիների անունը լսելով, փողն ուղղակի թռցրեց Հասմիկի ձեռքից ու սարսափած ճողոպրեց։
Ողջ գիշեր Հասմիկը երազում փող էր հաշվում... Հետո ադամամութին վերջին երազը տեսավ՝ Տիգրանը աղջկա հարսանիքին պարում էր, ո՜նց էր պարում, իսկ ֆիդայի ընկերները նորապսակների երջանկության կենացն էին խմում... Երազում Հասմիկը իր երջանկությունն էր վայելում...
Լույսը վաղուց բացվել էր, բայց Հասմիկն աչքերը չէր բացում, կոպերը պինդ սեղմում էր, որ Տիգրանը չհեռանա... Բարձը թրջվել էր։ Արցունքի ու քրտինքի դառնահամի մեջ Հասմիկը Տիգրանի հոտն էր որոնում։ Գրկեց բարձը, ինչպես գրկում էր Տիգրանի գլուխը. «Տիգրա՛ն ջան, աշխարհում ամենածանր բանը, մեռնելուց էլ ծանր, անմարդ ու աղքատ կնկա ապրելն է... Հինգ տարի ոչ մի տղամարդու երեսին չեմ ժպտացել, հիշատակդ չեմ պղծում։ Թեև սա ապրել չէ, բայց չեմ ծախվի մի կտոր հացի համար։ Ինձ նման շատերը կան...»։


Երեկոյան շտապեց եկեղեցի... Վառեց երեք մոմ, առաջինով Տիգրանին հիշեց, երկրորդով ֆիդայիներին առողջություն խնդրեց տիրոջից, երրորդով՝ աղջկան երջանկություն... Կողքին մի կին ցավով մրմնջում էր՝ «Տե՛ր Աստված, քո զորությանը մեռնեմ, դեղի փող էլ չունեմ վիրավոր ամուսնուս համար...»։ «Էս կինը ինձանից ավելի կարիքավոր է»,- աղոթքը ընդհատեց Հասմիկը, ատամները սեղմվեցին, ցավի մի տաք հոսանք ալեկոծեց մարմինը, և ձեռքը զգուշորեն տարավ գրպանը։ Տասհազարանոցը գրպանում էր։ Մի քանի վայրկյան սեղմեց ափի մեջ, դանդաղ հանեց ձեռքը և տասհազարանոցը սեղմեց աղոթող կնոջ ափի մեջ։ Կինը ափը բացեց, աչքերին չհավատաց, պինդ շոշափեց ու փարվեց Հասմիկին։ Մարմնով անասելի ջերմություն անցավ... Կինը շատ խնդրեց, բայց Հասմիկը չասաց իր անունն ու հասցեն...


Ծառուղում դանդաղ քայլում էր Հասմիկը՝ գլուխը բարձր, հպարտ... Խոսում էր մայթերի, ծառերի ու տերևների հետ, անգամ օտարներին բարևելու ցանկություն առաջացավ...
-Տիգրա՛ն ջան, ներո՛ղ կլինես, որոշել էի՝ տասը հազարով գերեզմանիդ ճաքած քարը նորոգել, բայց քեզ նման վիրավոր ազատամարտիկի համար դեղի փող տվեցի. համոզված եմ, որ դա քո սրտով կլինի... Տե՛ս, ինչ հպարտ է քայլում անմարդ կինդ... Դա ավելի կարևոր է, քան մոռացության մատնված ճոխ գերեզմանների ցուցադրական խաչքարերը... Տիգրա՛ն ջան, շատ եմ խնդրում՝ մեկ էլ երազ գաս մեր աղջկա հարսանիքի օրը, որ ուժ տաս՝ ախր ապրելը մեռնելուց դժվար է դարձել։ Անմարդ կնիկը կիսով չափ արդեն մեռած է, էն էլ՝ աղքատը... Ոչ մեռածներն են հանգիստ ննջում, ոչ էլ՝ ողջերը հանգիստ ապրում... Բայց դե՛, ոնց ուզում ես մտածիր, ապրելը մեռնելուց դժվար է...

Դիտվել է՝ 186339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ