Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ և ռուս ժողովուրդների ամուր բարեկամության վրա հիմնված միջպետական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, տարեցտարի ընդլայնվում է համագործակցության օրակարգը, որին զգալիորեն նպաստում են բարձր մակարդակի փոխայցելությունները: Ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ նախագահը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մեծապես կարևորել են համագործակցությունը անվտանգության ոլորտում:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև հարաբերությունների մակարդակը և հույս հայտնել, որ Նիկոլայ Պատրուշևի այցը նոր խթան կհաղորդի երկու կառույցների և անվտանգության ոլորտում միջպետական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև արագ փոփոխվող աշխարհում միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: