Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակությանը: «Այս տարի լրանում է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց մենք շահագրգռված ենք էլ ավելի ակտիվացնել դրանք և նոր որակ հաղորդել»՝ ասել է Կարեն Կարապետյանը: Նա կարևորել է երկկողմ տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում շատ անելիք կա, և ներուժը շատ ավելին է, քան օգտագործվում է: Վարչապետը ողջունելի է համարել միջազգային հարթակներում Հայաստան-Հունաստան համագործակցությունը և միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ տեսակետների համընկնումը:
Հունաստանի ԱԳ նախարարը Հայաստանի վարչապետին է փոխանցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ջերմ ողջույնները: «Մենք եղբայր ազգեր ենք միշտ եղել: Իմ այցը մեկ նպատակ ունի՝ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն»,- ասել է Նիկոս Կոցիասը: Բարձր գնահատելով հայ-հունական քաղաքական երկխոսությունը՝ Հունաստանի ԱԳ նախարարը համակարծիք է եղել, որ տնտեսական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են և անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել դրանք համաչափ զարգացնելու ուղղությամբ: Վարչապետը և նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափով տնտեսական գործակցության խորացման հարցին, կարևորել հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:
Կողմերը քննարկել են հայ-հունական գործարար համաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է հստակեցնել այն ոլորտները, որոնք կարող են փոխադարձ ներդրումային հետաքրքրություն ներկայացնել երկու երկրների գործարարների համար և ակտիվ աշխատել համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ: Կարեն Կարապետյանն ու Նիկոս Կոցիասը մտքեր են փոխանակել նաև ԵՄ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության, ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության զարգացման, տարածաշրջանային գործակցության հեռանկարների շուրջ: