Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վիգեն Սարգսյան. Հայաստանը կարող է կապող օղակ լինել ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև

Վիգեն Սարգսյան. Հայաստանը կարող է կապող օղակ լինել ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև
12.03.2017 | 18:05

Հայկական զինված ուժերը ստիպված են լինում համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին «տաք գլուխները սառեցնելու և հակամարտության ռազմական լուծման անհնարինությունն ի ցույց դնելու համար»՝ անդրադառնալով շփման գծի վիճակին, միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի երևանյան նիստում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ցավոք սրտի, այսօր և ամեն օր ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողություններով, հրետակոծություններով խախտում է հրադադարի ռեժիմը, ուստի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված են համարժեք պատասխան տալ հակառակորդի գործողություններին՝ ի ցույց դնելով հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհնարինությունը»,- ընդգծեց Սարգսյանը:


Հիմնականում ռուսաստանցի և մի քանի հայ փորձագետների մասնակցությամբ կայացած քննարկմանը Պնախարարը անդրադարձավ նաև ռուս-թուրքական ջերմացող հարաբերություններին և Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Սարգսյանի կարծիքով՝ այսօր Թուրքիային տարածաշրջանային խաղացող դժվար է անվանել: Նա հավելեց՝ եթե Ռուսաստանին հաջողվի ունենալ կանխատեսելի ու հասկանալի Թուրքիա, դա կարող է բխել նաև Հայաստանի շահերից:


«Հայ-ռուսական համատեղ զորամիավորման ստեղծման մասին մի քանի շաբաթ առաջ ստորագրված համաձայնագիրն ու Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը հանդիսանում են լուրջ պատասխան տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին ու Հարավային Կովկասում տեղի ունեցող որոշակի գործընթացներում նրա ներգրավմանը»,- հայտարարեց Պնախարարը: Նա նկատեց՝ հայ ժողովուրդն անցյալից տխուր հիշողություն ունի, երբ խորհրդային իշխանությունները տարբեր պայմանագրեր են կնքել թուրքական կառավարության հետ՝ նրանց հանձնելով Հայաստանին պատկանող տարածքներ: Սարգսյանը ռուսաստանցի առաջատար փորձագետներին ու քաղաքագետներին ներկայացրեց Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ ռազմական դաշինքում առկա խնդիրները: «Ի՞նչն ենք այդ կազմակերպությունում մենք համարում ոչ այնքան արդյունավետ. ՀԱՊԿ անդամ երկրների՝ արտաքին քաղաքական առաջնահերթությունների համադրումը։ Մենք տեսնում ենք, որ երրորդ կազմակերպություններում, այլ հարթակներում, այնուամենայնիվ, որոշ անդամների կողմից դեռ կա գայթակղություն՝ մի քիչ անտեսել ՀԱՊԿ գործընկերներին։ Բայց ես կարծում եմ, որ դա կազմակերպության ներսում մանկական ձախլիկության պես հիվանդություն է, որը ժամանակի հետ պիտի անցնի»,- հարցի առնչությամբ, ասաց Վիգեն Սարգսյանը:


«Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության մեջ» խորագրով քննարկման ժամանակ Պնախարարը ընդգծեց՝ այսօր հայկական կողմն աշխարհը սև ու սպիտակի չի բաժանում: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն էլ չի խոչընդոտում Եվրամիության հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմանը:
«Հայաստանը, միանգամայն հստակ գնահատելով ԵԱՏՄ անդամակցության տնտեսական, ֆինանսական ասպեկտները, ընդունել է բավական գիտակցված որոշում, որ այդ կառույցին անդամակցությունը տնտեսական առումով առավել նպատակահարմար է, քան ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ Հայաստանը բավականին ակտիվ և թափանցիկ է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ։ Ինչպե՞ս է Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ անդամ Հայաստանը շարունակելու համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ նոր իրավիճակում, երբ հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական դերակատարումը կրկին վերադառնում է՝ Պնախարարին հարց ուղղեց ռուս քաղաքագետ, միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի ղեկավարներից Ֆյոդոր Լուկյանովը: «Եթե նույնիսկ համարենք, որ ամեն ինչ շատ վատ է լինելու և ի վերջո՝ բոլոր հարաբերությունները տեղափոխվելու են սև ու սպիտակ դաշտ, և լինելու է անանցանելի գիծ ՆԱՏՕ-ի և հետխորհրդային տարածքի միջև, նույնիսկ այդ դեպքում և հատկապես այդ դեպքում Ռուսաստանի համար լավ կլիներ ունենալ հասկանալի, կանխատեսելի և թափանցիկ գործընկեր, որը կարող է երկխոսության կապող օղակ լինել»,- պատասխանեց Վիգեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ