ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկկողմ համագործակցության առանցքային հարցեր և եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցության զարգացման հեռանկարները:
Նեղ կազմով հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահը, ողջունելով գործընկերոջը, ասել է, որ ապրիլի 3-ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ:
«Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում: Այս տարիներին շատ իրադարձություններ են եղել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խոր արմատների հիման վրա: Դրանք նույնկերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում»՝ ասել է Վլադիմիր Պուտինը: «Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»,- նշել է ՌԴ նախագահը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին պաշտոնական այցի հրավերի, ջերմ ընդունելության համար և նշել, որ երկու երկրների փոխգործակցությունն անընդհատ համալրվում է՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, և բարձրագույն մակարդակով մշտական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով կատարված աշխատանքը, և բնականաբար, նախանշել համագործակցության գլխավոր ուղղությունները մոտ ապագայի և հեռանկարի համար: «Իսկապես, այս տարին հոբելյանական է՝ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, և մեզ հաջողվել է ձևավորել իսկապես դաշնակցային հարաբերություններ: Նման բնույթի հարաբերությունները միշտ թելադրում են մեր օրակարգը: Վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը ևս կլինի բովանդակալից և կանցնի լիարժեք փոխվստահության մթնոլորտում»,- ասել է ՀՀ նախագահը:
Նեղ կազմով հանդիպումից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
Ի պատիվ Հայաստանի նախագահի՝ Ռուսաստանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ճաշ: