ՎԱՐԴՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ արխիվում պահպանվել են Մոսկվայի Հայկական ստուդիայի ներկայացումների ծրագրերը։ Այստեղ մենք կարդում ենք հայ բեմի մեծերի անունները` Վարդան Աճեմյան, Արմեն Գուլակյան, Անահիտ Մասչյան, Մուրադ Կոստանյան, Թադևոս Սարյան, Սուրեն Քոչարյան, Վարյա Մելքումյան, Վարդուշ Ստեփանյան...
Այդ ներկայացումների նկարիչն էր Միքայել Մազմանյանը, որը հետագայում դարձավ ականավոր ճարտարապետ և ընտանիք կազմեց Վարդուշ Ստեփանյանի հետ։
Վարդուշ Ստեփանյանը Մոսկվա էր եկել Թիֆլիսից։ Ապրում էր ավագ եղբոր տանը։ Մոսկվայի Հայկական ստուդիայում Վարդուշը ստացավ կայուն գիտելիքներ։ Նրա ուսուցիչն էր Եվգենի Վախթանգովը։ Շուտով Վախթանգովը հիվանդանում է, և նրան փոխարինում է Ռուբեն Սիմոնովը։ Վարդուշին դասավանդել են նաև Կոնստանտին Ստանիսլավսկին, Գեորգի Յակուլովը, Սերաֆիմա Բիրմանը։
Երբ Ստանիսլավսկին առաջին անգամ մտել է Վարդուշենց լսարանը, բոլոր աշակերտներին ձեռքով է բարևել։ Վարդուշ Ստեփանյանը մեկ շաբաթ աջ ձեռքը չի լվացել. չէր ուզում մաքրել սուրբ ձեռքսեղմումը։
Մինչ դերասանուհի դառնալը Վարդուշն աշխատում էր Մոսկվայի գազի գրասենյակներից մեկում որպես հաշվետար։ Մի անգամ գրասենյակի դուռը բացվում է, և ներս է մտնում գեղեցիկ, բարձրահասակ տղամարդ։ Զայրացած (քանի որ նրա հաշվարկը սխալ են արել) տղամարդը հարցնում է. «Ո՞վ է ընկեր Ստեփանյանը»։ Վարդուշը մեղմ պատասխանում է. «Ես»։ Տեսնելով, որ սխալ է թույլ տվել գեղեցիկ ու նուրբ օրիորդը, տղամարդու զայրույթն անցնում է, նա արագ դուրս է գալիս գրասենյակից։ Իսկ Վարդուշը սիրահարված աչքերով նայում է դեպի դուռը և ափսոսում, որ չհասցրեց նույնիսկ ինքնագիր վերցնել։ Այդ տղամարդը ռուս մեծ բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին էր։
Ստուդիայում սովորելու տարիներին սկսվում է Վարդուշ Ստեփանյանի և Միքայել Մազմանյանի մտերմությունը։ Ձմռան մի ցրտաշունչ օր Միքայելը սահնակով գալիս է Վարդուշի հետևից։ Վարդուշն իր կապոցով դուրս է գալիս եղբոր տնից, և նորապսակները գնում են ստուդիա։ Միքայելն ապրում էր ստուդիայի բեմի հետևում գտնվող փոքրիկ սենյակում։ Մոսկվայում էլ ծնվում է նրանց առաջնեկը` Նազելին։
1929-ին Ռուբեն Սիմոնովի ղեկավարած կուրսն ավարտում է ստուդիան և Հայաստանի կառավարության հրավերով մեկնում Լենինական, որտեղ բացվել էր Հայաստանի երկրորդ պետական դրամատիկական թատրոնը։
1930-ին Վարդուշը և Միքայելը տեղափոխվում են Երևան։ Վարդուշ Ստեփանյանը սկսում է աշխատել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում։ Թվում է, թե ամեն ինչ լավ է. գլխավոր դերեր թատրոնում, սիրած ամուսին, դուստրեր (արդեն ծնվել էր և երկրորդ դուստրը` Ռուզանը)։ Սակայն... Սակայն վրա հասավ 1937 թիվը։
-Այդ ժամանակ շատերն էին ձերբակալվում, բանտարկվում, աքսորվում, ու մենք չէինք հասկանում` ինչո՞ւ,- հիշում է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։- ՈՒմ չէին գնդակահարում, համարվում էր երջանիկ մարդ։ Նա փրկվում էր։ Մազմանյանին էլ են ձերբակալում։ Հավանաբար այն պատճառով, որ եղել էր Փարիզում։ Մազմանյանին ես շատ էի հարգում։ Աքսորից վերադառնալուց հետո նա ինձ շատ բան պատմեց։
1936-ին մի խումբ սովետական ճարտարապետների հետ գործուղվում է Փարիզ։ Այդ խմբում են լինում ճանաչված ճարտարապետներ Անդրեյ Բուրովը, Կարո Հալաբյանը, Գևորգ Քոչարը...
Մազմանյանը Քոչարի հետ հաճախ էր զբոսնում Փարիզի փողոցներով։ Նրանք հաճախ էին հանդիպում մեր հայրենակիցներին, զրուցում նրանց հետ, պատմում Հայաստանի նոր կյանքի մասին։ Մազմանյանը ելույթներ էր ունենում հայրենակիցների առջև, պատմում էր, թե ինչպես են Արթիկի տուֆից կառուցում նոր քաղաք, վարդագույն քաղաք։
Մի ելույթից հետո նրան են մոտենում երիտասարդ ամուսիններ և ասում. «Դուք մեզ համոզեցիք, մենք կասկածում էինք` գնա՞լ հայրենիք, թե՞ ոչ։ Ձեր խոսքից հետո մենք որոշեցինք գնալ հայրենիք»։
Մինչ աքսորը, երբ Մազմանյանը բանտում էր, նրանց բանտախուց մի երիտասարդի են բերում։ Պարզվում է` այն տղան էր, որը, ոգևորված Մազմանյանի խոսքից, եկել էր հայրենիք։
Նրան 10 տարով աքսորելու էին Ղազախստան։ Խցիկում նստածներն ուրախանում են, որ տղային չեն գնդակահարում ու շնորհավորում են նրան։ Մեկը` թե. «Ղազախստանում լավ խնձոր կա»։ Տղան հեգնում է. «Ինչու, Փարիզում խնձոր չկա՞ր»։ Երբ Մազմանյանը մոտենում է նրան, երիտասարդը տխուր նայում է ճարտարապետին ու ասում. «Է-է-է... Արթիկտուֆ»։
-Մազմանյանը պատմեց,- շարունակում է Ջիմ Թորոսյանը,- որ մինչ աքսորը բանտում նստած է եղել հայրիկիս հետ։ Պատմում էր, որ հաճախ հայրիկս նստում էր սենյակի կենտրոնում, որտեղ բարձր տեղ էին սարքում և կարդում էր (անգիր) Օ’Հենրիի պատմվածքները։ Բոլորն ուշադիր լսում էին նրան։ Աքսորավայրում Մազմանյանը փնտրել է հորս, հետաքրքրվել է նրանով։ Հետո նրան լուր է հասել, որ հորս գնդակահարել են։ Մազմանյանի պատմությունները հորս մասին ավելի մտերմացրին ինձ այդ ինտելիգենտ մարդու հետ։ Նա ոչ միայն ինտելիգենտ էր, ոչ միայն հայ էր, այլև հայ ինտելիգենտ էր։
18 տարվա աքսորը նրան չէր փոխել, նա մնացել էր այնպիսին, ինչպիսին կար, նույն բացառիկ համեստ, բարի, ազնիվ, աշխատասեր, կենսախինդ մարդն էր։
Ինտելիգենտ կին էր նաև տիկին Վարդուշը։ Գեղեցիկ անձնավորություն էր, հուզական, մեղմ։ Նա նվիրված կին էր, մայր, սիրում էր թատրոնը։ Աշխատում էր Ստանիսլավսկու սկզբունքով` «Սիրիր ոչ թե քեզ արվեստում, այլ արվեստը քո մեջ»։ Այդ կարգի անձնավորություն էր, ինքը պետք է ծառայեր թատրոնին։ Երբ Մազմանյանին աքսորեցին Անդրբևեռ, Վարդուշին ու աղջիկներին հանեցին բնակարանից և բռնագրավեցին բոլոր իրերը։ Նրանք տեղավորվեցին շենքերի նկուղներից մեկում։ Միայն Անաստաս Միկոյանի միջամտությունից հետո (Միկոյանը և Մազմանյանը սովորել էին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում) ընտանիքին հատկացրին մեկ սենյակ ընդհանուր բնակարանում։ Իրերից վերադարձրին միայն ռոյալը։ Այդ ռոյալը մինչև իր տերերին վերադառնալը, հայտնվել էր մի տան մեջ, որտեղ տանտիկինը, չիմանալով դա ինչ է, օգտագործում էր որպես ամաններ չորացնելու հարմարանք։
Ի դեպ, Միքայել Մազմանյանն արտակարգ լսողություն ուներ, շատ էր սիրում Բիզեի «Կարմեն» օպերան և հաճախ էր նվագում ու երգում հատվածներ այդ օպերայից։
-Մորաքույրս ապրում էր Ստալինի (այժմ Մաշտոցի) պողոտայում։ Նրա դիմաց ապրում էր Վարդուշ Ստեփանյանը,- հիշում է ժողովրդական արտիստուհի Մարգո Մուրադյանը։- Մորաքույրս պատմում էր նրա մասին։ Ախալցխացի էր, իմ հայրենակիցը։ Դժբախտ կին էր, առանց ամուսնու, իր քրտինքով մեծացրել, դաստիարակել էր երկու աղջիկներին, հասցրել բարձր աստիճանի։
Երբ եկա թատրոն, մտերմացանք։ Հաճախ էինք զրուցում։ Երկուսիս ամուսիններն էլ ճարտարապետ էին, ընդհանուր թեմա կար։ Նա պատմում էր, որ մեծ դժվարությամբ է ընկել Միկոյանի մոտ, որը և փրկել է Մազմանյանին գնդակահարումից։
Մինչ իմ թատրոն գալը տիկին Վարդուշը բազմաթիվ դերեր էր խաղացել, փայլուն դերակատարումներ է ունեցել։ Ես տեսել եմ նրան «Բալենու այգում», «Եգոր Բուլըչովում», «Անմեղ մեղավորներում»...
Երբ Մոսկվայից եկավ ճանաչված ռեժիսոր Բորիս Զախավան և բեմադրեց Ա. Օստրովսկու «Ճշմարտությունը լավ է, երջանկությունն ավելի լավ» կոմեդիան, ես խաղում էի Վարդուշ Ստեփանյանի կողքին։ Նա իմ հերոսուհու տատիկի դերն էր խաղում։
Լավ անձնավորություն էր, կիրթ, թատրոնի հիանալի գիտակ։ Ես հպարտանում էի, որ նման դերասանուհի ունենք։ Բախտը դերասանի կյանքում մեծ դեր է խաղում։ Չէ՞ որ նրա հաջողությունը, զբաղվածությունը կախված են ռեժիսորից։ Ինձ թվում է, նա ավելին կարող էր անել, և շատ երազանքներ մնացին անկատար։
-Հայրս պատանեկությունից մտերիմ էր Չարենցի հետ,- հիշում է Վարդուշ Ստեփանյանի դուստրը` Ռուզաննան։- Նրանց մտերմությունը սկսվել է 1917 թվականին Թիֆլիսում, այնուհետև շարունակվել է Մոսկվայում, ապա Երևանում։ Մտերիմ էին և մեր ընտանիքները։
Չարենցը ջերմությամբ էր վերաբերվում մայրիկիս, նրա անունը գրում էր «թ»-ով` Վարթուշ։ Երբեմն մայրիկս էլ էր գրում իր անունը Չարենցի նման` «թ»-ով։ Չարենցը մայրիկիս նվիրել էր 1932 թվականին հրապարակված Կոմիտասի երգերի ժողովածուն և մակագրել էր` «Սիրելի Վարթուշին, Չարենց»։ Այդ ժողովածուն մեր մյուս գրքերի և իրերի հետ բռնագրավել էին։ Եվ երբ հետագայում այն կրկին հայտնվեց մեր տանը, Չարենցի անունը ջնջված էր։
-1951-ին Վարդուշ Ստեփանյանը որոշեց այցելել ամուսնուն աքսորավայրում։ Նա իր դստեր` Ռուզաննայի հետ մեկնեց Մոսկվա, այնտեղից` Կրասնոյարսկ։ Հետո 7 օր Ենիսեյով Դուդինկա։ Այնուհետև 12 ժամ նեղուցի երկաթուղիով հասան Նորիլսկ։ Դա ամենաերկար ճանապարհորդությունն էր Վարդուշի և Ռուզաննայի կյանքում։ Հավատարմության խորհրդանիշ էր Վարդուշ Ստեփանյանը։
Աքսորավայրում Միքայել Մազմանյանն իր ընկերոջ` ճարտարապետ Գևորգ Քոչարի հետ էր։ Քոչարը շատ էր նեղվում, տրտնջում։ Բայց Մազմանյանն իր լավատեսությամբ, հումորի մեծ զգացումով շատ էր ոգևորում նրան, օգնում էր։ Նորիլսկի ղեկավարությունն առաջարկեց Մազմանյանին և Քոչարին նախագծել Ստալինի թանգարանի շենքը Կուրեյկա ավանում։ Ճարտարապետները տվեցին իրենց համաձայնությունը։ Մազմանյանը հումորով վերաբերվեց այդ առաջարկությանը։ Եվ շուտով նախագիծը պատրաստ էր։ Իսկապես` ճակատագրի հեգնանք։
-Տատիկս շատերի համար հավատարմության խորհրդանիշ էր,- հիշում է Վարդուշի թոռնուհի Լիլիթը։- Նա հպարտանում էր, ասում էր. «Ես Միքայել Մազմանյանի կինն եմ»։ Մազմանյանի բացակայության ընթացքում նա սրբորեն պահպանել էր պապիկի բոլոր նյութերը, գծագրերը, ձեռագրերը։ Անգամ պապիկի Ներսիսյան դպրոցի ավարտական վկայականն էր պահել։
-18 տարի սպասեց Վարդուշ Ստեփանյանն իր ամուսնուն։ 1955-ին Միքայել Մազմանյանը վերադարձավ Երևան։ Նրան դիմավորեցին ջերմ և շատ շքեղ։ Գուրգեն Գաբրիելյանն իշխան ձուկ էր ճարել և խորոված էր անում։ Մարկ Գրիգորյանը նվագում էր Օգինսկու «Պոլոնեզը», Վարազդատ Հարությունյանը, Սամվել Սաֆարյանը, Գրիգոր Աղաբաբյանը ճառեր էին ասում։ Հանկարծ սենյակի դուռը բացվեց և պարով ու «Քյոռօղլի» երգով ներս մտավ կինտոյի զգեստով մի մարդ, գլխավերևում սինի` լի ուտելիքներով։ Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն էր։
Հայրս պաշտում էր Մարտիրոս Սարյանին,- պատմում էր ճարտարապետի դուստրը` Ռուզաննան։- Մեր ընտանիքները մտերիմ էին։ Երբ հայրիկը վերադարձավ աքսորից, Սարյանը ճաշկերույթ կազմակերպեց իր տանը։ Նա նկարեց պապայի դիմանկարը։ Երբ մայրիկը ստացավ ժողովրդական արտիստի կոչում, Սարյանը ծաղկեփնջով եկավ մեր տուն և շնորհավորեց մամային։
-1954-ին կաթողիկոս Վազգեն 1-ի հրամանով Միքայել Մազմանյանը նշանակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետաշինական հանձնաժողովի նախագահ։ Նա նաև հոգևոր խորհրդի անդամ էր։ Կաթողիկոսի շքախմբի կազմում եղել է տարբեր երկրներում։ Բացի գործնական կապերից Մազմանյանն ուներ ջերմ, ընկերական հարաբերություններ Վազգեն Ա-ի հետ։ Նրան շնորհվում է վաստակավոր ճարտարապետի և արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Իսկ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որն ավարտել է Միքայել Մազմանյանը, այսօր 95 տարեկան է։
Աքսորից վերադառնալուց հետո Մազմանյանն ապրեց 16 տարի։
-Սունդուկյանի անվան թատրոնում մայրս առաջին անգամ պետք է Էմիլիա խաղար Վահրամ Փափազյանի հետ,- հիշում է Ռուզաննան։- Մայրս հուզված էր։ Ներկայացումից առաջ Փափազյանը մոտենում է մայրիկիս և ասում. «Վարդուշ, եթե հանկարծ սխալ ռեպլիկ տաս, ես բեմի վրա իմ դաշույնով կկտրեմ քեզ երշիկի պես»։ Մայրս ավելի է հուզվում։
Ներկայացումը լավ է անցնում, և Փափազյանը գովում է Վարդուշին։ Ամառը` արձակուրդին, կազմվում էին դերասանական խմբեր` որևէ անվանի դերասանի ղեկավարությամբ` և մեկնում էին շրջաններ ներկայացումներ խաղալու։ Այդ ներկայացումները դերասանները «խալտուրա» էին կոչում։ Մայրս շրջագայությունների է եղել Վավիկ Վարդանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի ղեկավարած խմբերում։
Վաղարշ Վաղարշյանի խմբով մայրս եղել է Վրաստանի հայաբնակ վայրերում։ Մայրս նաև խմբի գանձապահն էր։ Մի անգամ Ախալցխայում, իր նախնիների քաղաքում, նա շուկայում կորցնում է թերթով փաթաթված մեծ գումարը, ներկայացումների հասույթը։ Անտրամադիր վերադառնում է հյուրանոց։ Շուտով նրա մոտ են գալիս շուկայի աշխատակիցները և վերադարձնում գումարը։
Երբ մայրիկը վերադառնում էր հյուրախաղերից, ես շատ էի ուրախանում։ Վրաստանից նա մեզ համար բերում էր նուռ, խնձոր, քաղցր պաստեղ։
Երբ տասնմեկ տարեկան էի, մայրիկն ինձ տարավ իր հետ շրջագայության։ Խումբը ղեկավարում էր Հրաչյա Ներսիսյանը։ Խաղում էին «Օթելլո»։ Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ։ Ես օգնում էի նրանց, վարագույրն էի բացում-փակում, ռեկվիզիտ մատուցում... Շատ հետաքրքիր էր ինձ համար։
-Վարդուշ տատիկին մեկ անգամ եմ տեսել բեմում, «Ճշմարտությունը լավ է, երջանկությունն ավելի լավ» կոմեդիայում,- հիշում է թոռնուհին` Լիլիթը։- Ես զարմացած էի. մի՞թե բեմում խաղացող գոգնոցով այդ կինն իմ տատիկն է։ Իմ և եղբորս` Դավթի համար իսկական հայ տատիկ էր։ Երբեք չէր մերժում, միշտ դիմում էր մեզ. «Ցավդ տանեմ»։ Մեզ համար գաթա էր թխում, կոզինախ պատրաստում։ Երբեմն էլ շատ մեղմ դիտողություն էր անում. «ծՈՊՏ ՌՎպՑՖ ՎՈսպվՖՍցþ ՍցսՖՑցՐց». Պատմում էր Վախթանգովի, ստուդիայի գործընկերների մասին, Մոսկվայի 20-ական թվականների կյանքի մասին։ Մենք կարծես հեքիաթ լսեինք։
Թատրոնը նրա համար ամեն մրցակցությունից վեր էր։ Ասում էր. «1937-ին թատրոնն ինձ փրկեց. ինձ իմ թատրոնն է պահել»։ Տանը երբեք չէր խաղում, նմանակումներ չէր անում։ Նրա համար դա տաբու էր։ ՈՒսանողական տարիներին Ռուբեն Սիմոնովն էր արգելել թատրոնից դուրս գալ։
Ես քնում էի տատիկիս սենյակում։ Քնելուց առաջ աղոթում էր բոլորի համար, և հետո իր համար. «Ձեռքս` բան, ոտքս` գերեզման»։
Այդպես էլ եղավ։ Մինչև կյանքի վերջին օրը նա ոտքի վրա էր։
Վարդուշ Ստեփանյանի անունը մնաց հայ թատրոնի պատմության մեջ։
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ