Քննչական կոմիտեն հայտնում է, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պաշտպանության նախարարության N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր: Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է։
Ըստ հաղորդագրության, նախնական տվյալներով՝ 1985 -ին ծնված Ա.Պեպանյանը, 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2016-ի հունիս ամիսը զբաղեցնելով պաշտպանության նախարարության N զորամասի դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը, իր լիազորությունների շրջանակներում, նույն դիվիզիոնի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, այն է` 2015 -ի դեկտեմբերին զորամասի հրամանատարի կողմից կարճաժամկետ արձակուրդ հատկացնելուն միջնորդելու համար, պահանջել է 40 հազար դրամ կաշառք։ Պահանջված գումարը, Ա.Պեպանյանի առաջարկով, զինծառայողի մայրը 2015-ի դեկտեմբերի 23-ին փոխանցել է նույն դիվիզիոնի մեկ այլ ժամկետային զինծառայողի կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին:
«Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մայորի կողմից դրամահավաքություն կատարելու վերաբերյալ. 2015 -ի հունվարից մինչև 2016-ի մայիսը, իր ենթակայության տակ գտնվող դիվիզիոնի ժամկետային զինծառայողների շրջանում յուրաքանչյուր ամիս սանհիգիենիկ պարագաներ գնելու, դիվիզիոնում շինարարական աշխատանքներ կատարելու և այլ պատճառաբանություններով կազմակերպել և իրականացրել է դրամական բավարարումների` 1000-ից մինչև 3 հազար 400-ական դրամի չափով հավաքագրում»,- ասված է հաղորդագրությունում: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի [կաշառք ստանալը] 1-ին մասով և 375-րդ հոդվածի [իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը] 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: