Սեպտեմբերի 18-20-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովը:
Հանդիսավոր բացմանը ելույթներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։ Համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն Հայաստանի զարգացման հիմնախնդիրները, տնտեսության զարգացումը և ներդրումները, Հայաստան-ԵՄ բիզնես հեռանկարները, Եվրասիական գործընկերության միջազգային ֆորումի դերը Հայաստանի տնտեսական զարգացման գործում:
Համաժողովի մասնակիցները կքննարկեն հակահայկական քարոզչությանը հակազդելուն ուղղված գործողությունները, տեղեկատվական անվտանգության հարցեր:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացը:
ՈՒշադրության կենտրոնում կլինեն նաև կրթական և լեզվի թեմաները, զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները:
«Ազգ-բանակ»-ի հիմնական դրույթներն ու նպատակները կներկայացնի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: