«Մենք հույս ունենք, որ այս վտանգի լրջությունը մեզ կստիպի վերադառնալ բանականության ուղի, քանի դեռ շատ ուշ չէ», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ֆրանսիական Le Journal du Dimanche-ին: Գուտերեշը պնդել է` Փհենյանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագիրը.«Անվտանգության խորհուրդը ամեն գնով պետք է միասնական լինի այս հարցում»:
Նախօրեին հաղորդվեց, որ Վաշինգտոնը պահանջել է երկուշաբթի Անվտանգության խորհրդում քվեարկության դնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խստացնող նոր նախագիծ` Փհենյանում շարունակվող միջուկային փորձարկումներին ի պատասխան: Փաստաթուղթը, ի թիվս այլ տնտեսական սահմանափակումների, նախատեսում է արգելափակել այդ երկիր նավթի մատակարարումն ու սառեցնել Հյուսիսային Կորեայի առաջնորդի արտերկրյա հաշիվները: Ըստ դիվանագիտական աղբյուրների, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ Չինաստանն ու Ռուսաստանը դեմ են գործող պատժամիջոցների խստացմանը: