ՈՒկրաինայի քաղաքացիությունից զրկված, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հատեց ուկրաինա-լեհական սահմանը: Նա ՈՒկրաինա մտավ Լվովի նահանգի «Շեգինի» անցակետով, որտեղ նրան դիմավորեցին իր հարյուրավոր աջակիցները: ժամանելուց մի քանի րոպե առաջ, սահմանապահները հայտարարեցին սահմանային այդ հատվածի փակման մասին` հղում կատարելով անանուն մի աղբյուրի, ըստ որի տարածքը ականապատված էր: Անցակետի երկու կողմերից էլ հատուկջոկատայիններն ու սահմանապահները փակեցին ճանապարհը, այդուհանդերձ Սաակաշվիլուն իր աջակիցների հետ, այդ թվում` Գերագույն ռադայի պատգամավորների, հաջողվեց ճեղքել շրջափակումը և հայտնվել ՈՒկրաինայի տարածքում:
Սաակաշվիլին ծրագրել էր ՈՒկրաինա մտնել «Կրակովեց» անցակետով, սակայն հետո անակնկալ փոխեց ծրագրերը` փորձելով սահմանը հատել լեհական Պերեմիշլ քաղաքից Կիև ուղևորվող արագընթաց գնացքով, սակայն սա ևս չհաջողվեց: Վրաստանի նախկին նախագահը հայտարարեց, որ վերադառնում է իր սկզբնական ծրագրին և ՈՒկրաինա կմտնի «Կրակովեց» անցակետով ավտոբուսով, ճանապարհին ավտոբուսը փոխեց երթուղին ու գնաց դեպի «Շեգինի» անցակետ, որտեղից հենց Սաակաշվիլին մտավ ՈՒկրաինա:
ՈՒկրաինացի սահմանապահներն արդեն հայտարարել էին, որ թույլ չեն տա քաղաքական գործչին մտնել երկիր, քանի որ նրա ուկրաինական անձնագիրն անվավեր է։ Սաակաշվիլին իր հերթին պնդում էր, որ չի հանձնվելու մինչև չհատի սահմանը և արդեն ՈՒկրաինայում բողոքարկի իրեն քաղաքացիությունից զրկելու նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշումը, որով հուլիսին զրկվել է ՈՒկրաինայի քաղաքացիությունից: