Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՀՀ նախագահը ուղերձ է հղել Վենետիկի Մխիթարյան միաբանություն

ՀՀ նախագահը ուղերձ է հղել Վենետիկի Մխիթարյան միաբանություն
11.09.2017 | 20:58

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ, դա որակելով բացառիկ պատմական իրադարձություն: «Դեռևս երեք դար առաջ հայ հոգևոր մտքի հսկա Մխիթար Սեբաստացին հիմնեց մի հաստատություն, որը դառնալու էր աշխարհին հայտնի հոգևոր, ուսումնակրթական, գրական և գիտամշակութային կենտրոն։ 1701-ին հիմնվելուց ի վեր Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործում, դարձել աշխարհում հայ ժողովրդի հեղինակավոր ներկայացուցչություն՝ իր մշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր մթնոլորտով հրապուրելով հայ և օտար աշխարհահռչակ մտավորականների: Գտնվելով Եվրոպայի սրտում՝ Մխիթարյան միաբանությունը հայ մշակույթը հաղորդակից է դարձրել Արևմուտքին և փոխադարձաբար՝ արևմտյան մշակույթը` հայոց աշխարհին»,- ասված է ուղերձում:

«Բացառիկ մեծ է Մխիթարյան միաբանության ավանդը հայագիտության զարգացման գործում․ մեր հոգևոր հայրերը դարեր շարունակ վիթխարի աշխատանք են կատարել Միաբանության Մայրավանքի՝ աստվածառաք լույսով ողողված սենյակներում։ Դրա վկայությունն են գիտական ընդհանուր և ճյուղային բառարանները, թարգմանական և կրոնական, պատմական, լեզվաբանական, բնագիտական, տնտեսագիտական և այլ բնույթի աշխատությունները», - գրում է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ Միաբանության վանական համալիրում պահվող ձեռագրերն ու մատյանները ոչ միայն հայ մշակութային ժառանգության հարստության վկայություններն են, այլև համաշխարհային քաղաքակրթության նմուշներ: «Պատմականությունն ամրագրվում է ժամանակով․ Մխիթարյան միաբանությունն իր դարավոր գործունեությամբ դա լավագույնս փաստել է՝ հաղորդակից դարձնելով ազգայինը համամարդկայինին»,- ասված է ուղերձում: Հայաստանի նախագահը Միաբանության անդամներին մաղթում է «գործունեության երկար և արգասաբեր տարիներ՝ իրականացնելու Մխիթար Սեբաստացու «Ամեն ինչ Հայաստանի և Հայրենիքի համար» սրբազան պատգամը»։

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ