Հայաստանը կատարեց ռազմավարական քայլ, երբ 2013-ին որոշեց ստորագրել Մաքսային միությանը, ապա ԵԱՏՄ-ին անդամակցության հուշագիրը` լրագրողների հետ հանդիպանը ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ պատասխանելով «Ազատության» հիշեցմանը, թե անցած ամիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ակնարկել էր, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվել Եվրոպական կառույցի պատճառով:
«Եվրամիությունն ընդունել է ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը, որովհետև Եվրամիությունն ու Հայաստանը գործընկերներ են համահավասար հարթության վրա»,- ասաց դեսպան Քիսլերը: «ԵՄ-ն առաջարկում է համագործակցություն, բայց չի ստիպում»,- հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպանը՝ շեշտելով, որ հենց այս ոգով են ընթացել նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Հայաստանում իր առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, համաձայնելով իր գերմանացի գործընկերոջ հետ, ասաց՝ տեխնիկական խնդիր, այդուհանդերձ, կար: Նրա խոսքով՝ բնական է, որ միաժամանակ չի կարելի գտնվել «երկու գոտիներում», սակայն դա չի նշանակում, որ ինքնիշխան երկիրը չի կարող ընտրել իր համար համապատասխան տարբերակն ու պարզել հետագա անելիքները: «Այն օրը, երբ ստորագրվի Հայաստան-ԵՄ պայմանագիրը, կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան դրա համար, այդ ժամանակ Հայաստանը կլինի միակ երկիրը, որը լինելով ԵԱՏՄ անդամ՝ միաժանակ պայմանագիր կունենա ԵՄ-ի հետ: Իսկ այդ պայմանագիրը հավակնոտ, երկխոսությունների հեռանկար ունեցող, Հայաստանի համար գործունեության լայն հորիզոններ բացող, համարձակ ծրագիր կլինի»,- ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Դեսպաները կարևոր համարեցին «ապագային հայացք նետելը» և «հետ չնայելը»: Գերմանիայի դեսպանն ընդգծեց՝ նոյեմբերին ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ կնքել համագործակցության նոր պայմանագիրը և «ներկա պահին չկա որևէ հանգամանք, որ խանգարի այդ գործընթացին»: «Ես մեծ հաջողություն եմ համարում նոր համաձայնագիրը և կարծում եմ՝ եթե ստորագրվի, նոր ու բազմաշերտ հնարավորություններ կընձեռի ԵՄ-Հայաստան համագործակցությունը խորացնելու առումով»,- ասաց Գերմանիայի դեսպանը:
Դեսպանները՝ խոսելով մարդու իրավունքների շուրջ, հայտարարեցին նոր մրցույթի մասին: Գերմանիայի դեսպանի խոսքով՝ 1000 եվրո մրցանակային պարգև կտրամադրվի այն նախագծին, որն առանձնակի ներդրում է ունեցել Հայաստանում կանանց, երեխաների, հաշմանդամների, որբերի և հասարակության այլ խոցելի խմբերի համար հավասար հնարավորությունների ստեղծման գործում:
Ըստ Ֆրանսիայի դեսպանի՝ մարդիկ մեծ ակնկալիքներ ունեն, որ իրավունքների պահպանման հարցում առաջընթաց կլինի: Մաթիաս Քիսլերն էլ հավելեց՝ որևէ հասարակարգ կատարյալ չէ․ հավասար պայմանների համար պայքարում են և Գերմանիայում, և Ֆրանսիայում, և Հայաստանում: