Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կանխավճար է մուծել Ռուսաստանին S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար: «Մեր բարեկամները արդեն ստորագրել են S-400-ի հարցով համաձայնագիրը, և որքան ես տեղյակ եմ, կանխավճարը նույնպես արդեն մուծվել է»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Hurriyet-ը: «Մեր անկախությանը վերաբերող որոշումները կայացնում ենք մենք: Մենք պատասխանատվությամբ ենք մոտենում մեր երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտի գործողություններին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև S-400-ի շուրջ նախնական պայմանավորվածության կայացման մասին միջազգային լրատվամիջոցները գրել էին դեռևս հուլիսին՝ նշելով, որ Անկարան Մոսկվային վճարելու է 2,5 միլիարդ դոլար, որի դիմաց ռուսական կողմը 2018-ին S-400 երկու համակարգ է մատակարարելու, նաև օգնելու է, որ Թուրքիայում արտադրվեն ևս երկու նման համակարգեր:
Գործարքի կապակցությամբ մտահոգություն էր հայտնել Թուրքիայի դաշնակից ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: «Եթե Թուրքիան ի վերջո որոշի Ռուսաստանից ձեռք բերել S-400 համակարգերը, դա ԱՄՆ- ում չի կարող մտահոգության տեղիք չտալ»,- հայտարարել էր նա: