Սեպտեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ առևտրային քաղաքականության և տնտեսագիտության հարցերով Առևտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրեսերի գլխավորությամբ: Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին երկու ամսում սա ԱՄՆ-ի արտաքին առևտրի հարցերով պատվիրակության երկրորդ այցն է Հայաստան՝ համոզմունք հայտնելով, որ այցերը կնպաստեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի առավել խորացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Էդ Գրեսերը մտքեր են փոխանակել երկկողմ առևտրային հարցերի, GSP արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո Հայաստանին ընձեռվող հնարավորությունների և դրանցից օգտվելու պայմանների շուրջ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցերը, քննարկվել են երկկողմ առևտրի ծավալներն ընդլայնելու հնարավոր ուղղությունները: Այս համատեքստում ԱԳ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն զգալի տեղ է զբաղեցնում երկկողմ առևտրաշրջանառության մեջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցերին՝ ընդգծելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը: