Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը:
Հրամանագիրը տեղադրված է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում: Լաքոտը կփոխարինի արդեն նախկին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
45-ամյա նորանշանակ դեսպանը մինչ այս զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականի պաշտոնը: Նախկինում նա աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում, եվրոպական հարցերով պետքարտուղարի գրասենյակում, Գերմանիայում, Չեռնոգորիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում: Լաքոտը տիրապետում է անգլերենի, գերմաներենի, ռուսերենի, իսպաներենի, էստոներենի, հունգարերենի, սերբախորվաթերենի: