ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը արձագանքել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղի հայտարարությանը, թե ԱՄՆ դատախազության կողմից Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանին մեղադրանքի առաջադրումը գյուլենականների հերթական հեղաշրջման փորձն է ամերիկյան արդարադատության միջոցով։ Նաուերթը թուրք պաշտոնյայի հայտարարությունը «ծիծաղելի և անհեթեթ» է որակել։
Մանհեթենի շրջանային դատարանի մեղադրական եզրակացության համաձայն, թուրք նախկին նախարարը միլիոնավոր դոլարների կաշառքի և ոսկերչական իրերի դիմաց աջակցել է, որ Իրանը կարողանա փոխանցումներ կատարել ԱՄՆ ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները: Բեքիր Բոզդաղի պնդմամբ, Չաղլայանի մեղքը ապացուցող փաստեր չկան, և այս գործը ընդամենը «կեղտոտ խաղի» մի մասն է։ «Այս գործը ոչ այլ ինչ է, եթե ոչ դեկտեմբերի 17- 25-ին գյուլենականների կողմից դատական ճանապարհով հեղաշրջման ձախողված փորձի կրկնությունը ԱՄՆ-ում ամերիկյան դատական համակարգի օգտագործմամբ»,- ասել էր Բոզդաղը։