«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհից կարճ ժամանակ անց տարածքներում նկատվում է բույսերի վերաճ, ինչը վկայում է, որ դրանց արմատային համակարգերը վնասված չեն, արձանագրել են բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամները:
Տերևակալումներ են նկատվել նաև հրդեհից վնասված լայնատերև ծառերի մի մասի մոտ: ԱՄՆ անտառային ծառայության աշխատանքային խմբի անդամները ժամանել են սեպտեմբերի 8-ին, հաջորդ օրն իսկ մեկնել են Խոսրովի անտառ: Մի քանի օր մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է կատարել արգելոցի այրված մի շարք տեղամասերում, իրականացրել փաստագրումներ և գնահատումներ: Ամերիկացի մասնագետները դիտարկել են «Խոսրովի անտառ» արգելոցի ջրային համակարգերը, հակահրդեհային ենթակառուցվածքների համակարգերը (ճանապարհները, գետերը, աղբյուրները), գնահատել անտառային և խոտածածկ հատվածներին հասցված վնասը, հողի մակերեսի այրվածքների խորությունը: Դիտարկումների արդյունքում ձևավորվելիք մասնագիտական եզրակացությունները կներկայացվեն ավելի ուշ: Այսօր խումբը մեկնել է Արտավանի անտառներ` տեղում վիճակին ծանոթանալու նպատակով: ԱՄՆ մասնագետների խումբը կգնահատի վնասները և կտրամադրի կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական օժանդակության առաջարկներ: Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարություններին տրամադրվելիք եզրակացությունը հիմք կարող է դառնալ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: