Վաշինգտոնին մտահոգում է C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի վաճառքի ռուս-թուրքական գործարքը: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը գործարքի մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության լրագրողի հարցին պատասխանելով ասել է, որ Վաշինգտոնն արդեն հայտնել է Անկարային իր անհանգստությունը համաձայնագրի վերաբերյալ:
«Մենք մեր դաշնակից Թուրքիայի հետ այս հարցով բաց երկխոսություն ենք վարում և ընդգծել ենք ՆԱՏՕ-ի շրջանակում սպառազինության խոշոր գնումների դեպքում օպերատիվ համատեղելիության պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ ընդգծելով․«Թուրքիան ԱՄՆ առանցքային գործընկերն է, և ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը այսօր էլ բարձր մակարդակի վրա է»: «Թուրքիան հետաքրքրված է նաև ամերիկյան արտադրության համակարգերով»,- ասել է Ջոնի Մայքլը: Թուրքիան արդեն իսկ վճարել է ռուսական արտադրության С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարը: