Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշևիկյան բռնաճնշումների վերաբերյալ ցուցահանդեսի ընդհատումը չունի քաղաքական ենթատեքստ` խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Բոլորին էլ ակնհայտ է, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանի Հանրապետությունը ստալինյան, լենինյան բռնապետության ժամանակահատվածի հետ կապված: Այս տարի լրանում է Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակը, որից հետո` 20-ական թվականներին, սկիզբ դրվեց իրականում շատ լուրջ, լայնածավալ մարդու իրավունքների խախտումներին Հայաստանում, որոնք իրենց գագաթնակետին հասան 1937-ին, այսինքն, այս տարի մենք արդեն պետք է անդրադառնանք այդ տխուր տարեթվի 80-ամյակին»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Նա ընդգծեց` պետական դիրքորոշումն այս իրադարձությունների վերաբերյալ արտահայտված է նաև դպրոցներում դասավանդվող պատմության, գրականության դասագրքերում: «Գնահատականն արտացոլվում է նաև նրանում, որ պատրաստվում ենք կառուցել հիշատակի թանգարան և այս պարագայում փորձել քաղաքականացնել ընդամենը պետական գերատեսչության և ՊՈԱԿ-ի համատեղ աշխատանքը, կարծում եմ, ուղղակի անտեղի է: Պետության դիրքորոշումը պարզ է և որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- ամփոփեց արդարադատության նախարարը: