Հայկական պատվիրակությունը «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած կոռուպցիոն բացահայտումների շուրջ կունենա նախաձեռնություններ, որն այժմ չեմ բացահայտի՝ ելնելով նաև մարտավարական տեսանկյունից` ասել է ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Մենք բավականին թեժ կետում ենք գտնվում այս հարցերի քննարկման հետ կապված, երբ հրապարակվեց այդ հայտնի հոդվածը, դրանից հետո ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովում և մոնիթորինգի հանձնաժողովում փոփոխություններ եղան Ադրբեջանին վերաբերող 2 զեկույցներում»,- մանրամասնեց Արփինե Հովհաննիսյանը: Նա կարևորեց, որ «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված քննարկումները չդիտարկվեն հայկական պատվիրակության տիրույթում՝ ինչպես ադրբեջանական լոբբին է դիտարկում, քանի որ սա ամենևին Հայաստանի խնդիրը չէ, սա առաջին հերթին Եվրոպայի խնդիրն է: Անդրադառնալով ԵԽԽՎ-նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցին, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այն քվեարկվելու է աշնանային նստաշրջանի առաջին օրը: