Եվրոպայի խորհուրդը վճռական կամք ունի, որը կդրսևորվի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի քվեարկության ժամանակ` սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրը՝ հոկտեմբերի 9-ին, նախատեսվում է քվեարկության դնել կառույցի գործող ղեկավար Պեդրո Ագրամունտին վստահություն հայտնելու հարցը։ Խորհրդարանի փոխխոսնակի խոսքով՝ մտավախություններ չկան, որ քվեարկության համար անհրաժեշտ 102 ձայները չեն հավաքվի։ «Այս ժամանակահատվածում Պեդրո Ագրամունտն իր վարքով իրականում ցույց է տվել, որ բացարձակապես չի հարգում ոչ մի արժեք, չի հարգում նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության սեփական խմբակցությանը»,- նշեց Հովհաննիսյանը։
Նա նաև հավելեց, որ հայկական պատվիրակությանը շատ դժվարությամբ է հաջողվել հասնել նրան ԵԺԿ-ից հեռացնելու որոշման ընդունմանը։ «ԵԺԿ-ն նաև նրա հրաժարականն է պահանջում, բայց նա դա չի արել։ Հետևաբար, ես չեմ խոսի, որ նա հաշտվել է այդ որոշման հետ և այլ քայլեր չի ձեռնարկի»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։