ԵՄ-ն հետևում է Ռուսաստանի գլխավորած ԵԱՏՄ- ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ՝ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած գործընթացին` ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Հայաստանն ազատ երկիր է, և բոլորն ունեն իրավունք՝ բարձրաձայնելու իրենց տեսակետները: Մենք հետևում ենք քննարկմանը, բայց դա լիովին հայաստանցիների որոշելիք խնդիրն է»,- ասաց դեսպանը: ԵԱՏՄ-ից դուրս գալը նոր հորիզոններ կբացի՞ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար հարցին ի պատասխան, Սվիտալսկին միայն նշեց՝ հայաստանցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչն է լավ իրենց երկրի համար: «Քանի դեռ այդ որոշումները թշնամական չեն ԵՄ-ի նկատմամբ, ես ուրախ եմ դրանց կապակցությամբ: Ես չեմ տեսնում Հայաստանի կողմից Եվրամիության նկատմամբ նախկինում իրականացված որևէ գործողություն, որը ոչ բարեկամական է եղել: Մենք չունենք որևէ լուրջ անհամաձայնություն Հայաստանի հետ: Ես մասնակցել եմ մի քանի բարձր մակարդակով հանդիպումների և կարող եմ ասել, որ բոլորն էլ անցել են կառուցողական ու ընկերական մթնոլորտում: Ես չեմ տեսել որևէ ոչ միայն էական, այլև ընդհանրապես՝ որևէ տարաձայնության կետ կողմերի միջև, ինչը շատ լավ է ապագայի համար: Իմ կարծիքով՝ պետք է կենտրոնանալ մեր երկկողմ օրակարգի վրա»,- շարունակեց Պյոտր Սվիտալսկին: Մեկ շաբաթ առաջ ԵՄ դեսպանը հայտարարել էր, որ Բրյուսելը պատրաստվում է նոյեմբերին Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը, ընդգծելով՝ «այնտեղ հիմա նախապատրաստում են թուղթն ու թանաքը՝ փաստաթղթի ստորագրման համար»։ Այսօր դեսպան Սվիտալսկին վերահաստատեց՝ ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի որևէ այլ պարտավորության չի հակադրվում: «Ես շատ գոհ եմ, որ մենք մոտենում ենք համաձայնագրի ստորագրման պահին: Այդ համաձայնագիրը լիովին համադրելի է այն պարտավորությունների ու հանձնառությունների հետ, որոնք Հայաստանը կարող է ունենալ իր այլ գործողությունների արդյունքում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: Պատասխանելով հարցին՝ ինչու՞ նախաստորագրված փաստաթղթի տեքստը չի հրապարակվում, դեսպանն ասաց, որ դա ընդունված ընթացակարգ է, և տեքստը գաղտնի կմնա այնքան, քանի դեռ համաձայնագիրը վերջնականապես ստորագրված չէ:
«Եթե ցանկանում եք պատկերացում ունենալ, թե ինչի մասին է տեքստը՝ դուք կարող եք ուսումնասիրել նույնատիպ այլ փաստաթղթեր: Իհարկե, Հայաստանի հետ համաձայնագիրը տարբերվում է Վրաստանի, Մոլդովայի ու ՈՒկրաինայի հետ բանակցված փաստաթղթերից, բայց ինչպես ասել ենք՝ մեծ գլուխները լինելու են նույնական կամ նման: Մենք բացատրել ենք այն ամենը, ինչ հնարավոր էր՝ կապված քաղաքական մասի հետ, և թե ինչու առևտրային մասը պետք է տարբեր լինի Մոլդովայի ու Վրաստանի հետ կնքված համաձայնագրերի նույն մասից, այսինքն՝ ընդհանուր առմամբ, դուք ուղեցույցն ունեք ու շարունակեք լինել համբերատար»,- ասաց Սվիտալսկին: