Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին ի պատասխան՝ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, թե այդ թեմայով ինքը քննարկումներ է ունենում իշխանությունների հետ:
«Մենք քննարկում ենք հարցը՝ կապված այն մարդկանց հետ, ովքեր երբեմն հասարակական կազմակերպությունների կողմից համարվում են քաղբանտարկյալներ կամ խղճի բանտարկյալներ: Այո, մենք այս մարդկանց ընկալումները քննարկում ենք, հարցումներ ենք կատարում: Ես շատ եմ գնահատում հանգամանքը, որ իրավապահ մարմինները միշտ ժամանակ են գտնում՝ քննարկելու նման զգայուն թեմաներ, երբ մենք այդպիսի ցանկություն ենք արտահայտում: Եվրամիությունը միշտ չէ, որ պարտադիր կերպով կիսում է հասարակական կազմակերպությունների կարծիքը: Մենք հիմնականում առաջնորդվում ենք նման հարցերի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով: Եվ ինչպես հայտնի է՝ Հայաստանում չկան մարդիկ, ովքեր ՄԻԵԴ-ի կողմից ճանաչված կլինեին, որպես քաղբանտարկյալներ»,- ասաց ԵՄ դեսպանը:
Նրա ընդգծմամբ՝ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, իսկ վերջին խորհրդարանական ընտրությունների թափանցիկ կազմակերպման համար տրամադրված 7 միլիոն եվրոն «ճիշտ ներդրում էր»: