Ազգային պատկերասրահում բացվեց մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը՝ «Արարում» խորագրի ներքո: Հայաստանի ազգային պատկերասրահը ծովանկարչի ստեղծագործությունների մեծ հավաքածու ունի, որի մեջ ներառված չէ Այվազովսկու ամենահանրահայտ ստեղծագործություններից մեկը՝ «Քաոս․ աշխարհի արարումը» կտավը, որը երբեք Հայաստանում չի ցուցադրվել:
Ժամանակին ծովանկարիչը այդ կտավը նվիրել էր Հռոմի Գրիգոր 16-րդ պապին, նա հետագայում նվիրել է Վենետիկի Մխիթարյան միաբանությանը: Վենետիկյան միաբաններն էլ տրամադրել են Այվազովսկու կտավը՝ ներկայացնելու հոբելյանական այս ցուցահանդեսում, որը կտևի 5 ամիս մինչև հունվարի 15-ը՝ Այվազովսկու արվեստի երկրպագուներին ներկայացնելով մեծ ծովանկարչի 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական և տասնյակից ավելի այլ աշխատանքներ: Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսին զուգահեռ կբացվի նաև մեծ ծովանկարչի կյանքին և ստեղծագործությանը նվիրված երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արվեստաբաններ ամենատարբեր երկրներից: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հովհաննես Այվազովսկու հոբելյանին է նվիրում Երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 18-ի համերգը: