Նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի ներկայությամբ կայացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման արարողությունը: Դպրոցի օծումը կատարել է Վեհափառը:
Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերարությամբ՝ 2009-ի սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա: Դպրոցի ուսումնառության պայմանները բարելավելու նպատակով Վեհափառի նախաձեռնությամբ և Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ Էջմիածնում կառուցվել է «Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատության» նոր և լավագույնս կահավորված դասասենյակներով ու հագեցած լաբորատորիաներով շենքը, որը կարող է իր հարկի տակ ընդունել 500 և ավելի աշակերտի: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին, որից հետո մասնակցել է դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին: