Հնարավոր է՝ Իսրայելում և Հայաստանում իրականացվեն ծրագրեր, որ երկու երկրների ժողովուրդներն ավելի լավ հասկանան, ճանաչեն միմյանց մշակույթը, պատմությունն ու սովորույթները` լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։ «Կարծում եմ՝ առաջիկայում կմեկնարկեն նաև տարբեր ոլորտներում մասնագետների փոխանակման ծրագրեր»,- ասաց նա: Իսրայելական ռադիոյի հետ համատեղ քննարկվում են հնարավորությունները, որ հայերենով հեռարձակվի մեկժամանոց հաղորդում։
«Որովհետև ունենք ռուսերեն, վրացերեն, հունգարերեն ու մի շարք այլ լեզուներով հաղորդումներ և շատ հաճելի կլինի, եթե լինի նաև հայերենով որևէ հաղորդում, որը կօգնի հայ համայնքին չմոռանալ լեզուն»,- ասաց Կնեսետի նախկին պատգամավորը: Նա կարևորեց հայկական ու իսրայելական IT ընկերությունների համագործակցությունը. «Մենք շատ կշահենք, եթե կարողանանք կես տարում կապ ստեղծել մեր IT ընկերությունների միջև ու համատեղ որևէ ծրագիր իրականացնել»:
Որպես «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի ակտիվ ու լավ աշխատանքի արդյունք՝ նա մի հետաքրքիր վկայություն բերեց. «Վերջերս Հայաստանի հարևան երկրի մամուլում շատ հրապարակումներ են հայտնվում, որ հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացում չկա, այս բոլորն անլուրջ խոսակցություններ են: Ինձ մոտ տպավորություն է` որքան շատ լինեն նման հոդվածները, այնքան շատ կակտիվանան հայ-իսրայելական հարաբերությունները»: