«Հայաստանի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ»,- Եվրոպական հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը Բրյուսելից «Ամերիկայի ձայն»-ի հետ հեռախոսազրույցում ընդգծում է՝ Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր. «Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի և մեր համագործակցության հիմքում»:
Եվրամիության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում: Եվրամիության ներկայացուցչի խոսքով` նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք է ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում` էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առևտրի և ներդրումների ընդլայնման հեռանկարներ:
Համաձայնագիրը կբացի նաև համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար. «Ինչպես գիտեք, Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերն է՝ Հայաստանի առևտրաշրջանառության 26 տոկոսը ԵՄ-ի հետ է: Հավատացած ենք, որ առևտրի ոլորտում այս համագործակցությունը նույնպես կընդլայնվի։ Հայ արտադրողները նոր արտոնություններ կստանան Հայաստանում արտադրված ապրանքները Եվրամիություն ներկրելու համար»:
Համաձայնագիրը նաև նոր խթան կհանդիսանա Երևանի և Բրյուսելի քաղաքական հարաբերությունների զարգացման համար: ԵՄ ներկայացուցչի խոսքով, Բրյուսելը Հայաստանից չի պահանջում կողմերի միջև ընտրություն կատարել. «Մենք չենք պահանջում մեր գործընկերներից ընտրություն կատարել Եվրամիության և այլ գործընկերոջ միջև: Մենք իրոք հետաքրքրված ենք Հայաստանի պետականության ամրությամբ և կայունությամբ»: Մայա Կոսիանչիչի խոսքով, ԵՄ-ն առաջին հերթին հետաքրքրված է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի վերացման և օրենքի գերիշխանության հաստատման մեջ: Այս նպատակներով 2014-ից 2016 թվականներին միայն Հայաստանին Եվրամիությունից հատկացվել է շուրջ 150 միլիոն եվրոյի դրամաշնորհ: