Օրերս Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած և բանտից ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինը այսօր գրառում է կատարել բլոգում: Նա անդրադարձել է իր ինքնասպանության փորձի մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հայտարարությանը, պատմել բռնությունների մասին, որոնց ենթարկվել է բանտում:
«Այժմ, երբ ադրբեջանական դժոխքը անցյալում է, ես գրում եմ այս տողերը Հայֆայի լողափից և պետք է պարզաբանեմ հետևյալը․ կտրականապես հերքում եմ ադրբեջանական պաշտոնական այն սուտը, թե ես փորձել եմ ինքնասպանություն գործել Բաքվի բանտում 10.09.17-ին: Նախագահ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մարդասիրություն է ցուցաբերել և խղճացել խեղճուկրակ ինքնասպանին ու որոշել է ներում շնորհել ինքնասպանության առասպելական փորձից հետո: Փաստերով՝ 2017-ի սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, երբ արդեն պատրաստվում էի քնել Բաքվի համար 10 բանտախցում, հանկարծ դռան բանալու ձայնը լսվեց, և դուռը մի փոքր բացվեց: Ես դռանը մեջքով էի պառկած և չհասցրի անգամ վեր կենալ, երբ ինչ- որ անձինք բռնեցին վզիցս, ձեռքերիցս և մի քանի հարվածներ հասցրին կողերիս: Ես այլևս ոչինչ չեմ հիշում: Հաջորդ հիշողությունն արդեն Բաքվի կենտրոնական վերակենդանացման կլինիկայից էր, որտեղ ես պառկած էի՝ միացված սարքավորումների, կաթիլայինի և թթվածնային դիմակով: Կոտրել էին նաև երկու ատամներս, իսկ ողջ մեջքիս ու կողերիս վրա հեմատոմաներ էին»,- գրել է Ալեքսանդր Լապշինը՝ հավելելով․ «Ինչու՞ պետք է ես «ինքնասպան լինեի» մորս ծննդյան օրը (10.09) իմ արտահանձնման բանակցությունների վերջին փուլում»: