Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որ կարողանա հասնել կալանավորված գերմանացիների ազատ արձակմանը: Passauer Neue Presse –ին տված հարցազրույցում կանցլերն ասել է. «Մենք ստիպված կլինենք ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունն ու վերանայել նախագծերը»: Կանցլերն իր վրդովմունքն է հայտնել, որ Թուրքիայի ազատազրկման վայրերում առայսօր կան Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ:
«Մենք անազատության մեջ գտնվողներին հյուպատոսական օգնություն ենք տրամադրում որքանով հնարավոր է: Ցավոք, թուրքական կողմը նույնիսկ դա է որոշ դեպքերում բարդացնում»,- շարունակել է Մերկելը:
Գերմանիայի իշխանությունների տվյալներով՝ թուրքական ազատազրկման վայրերում պահվում է Գերմանիայի ավելի քան 50 քաղաքացի, և դեպքերի մեծ մասում խոսքը քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների մասին է: Դրանց ֆոնին գերմանացի քաղաքական գործիչները խստացրել են Անկարայի նկատմամբ հռետորաբանությունը: Ակնկալվում է, որ հոկտեմբերին կքննարկվի Թուրքիայի՝ Եվրոպական միության անդամ դառնալու շուրջ բանակցությունների պաշտոնական դադարեցման հարցը: