Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 15-ին Սաուդյան Արաբիային և Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցներին կոչ են արել դադարեցնել Կատարի շրջափակումը, որ սկսել են հունիսից: ՈՒրբաթ օրը Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին այցելել է Բեռլին, որտեղ հանդիպել է Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ՝ գրում է Deutsche Welle-ն:
«Մենք մտահոգությամբ հետևում ենք, որ նույնիսկ այս հակամարտությունից 100 օր անց չեն դիտարկվում այս հարցի լուծման տարբերակներ»,- հայտարարել է Մերկելը Կատարի առաջնորդի հետ հանդիպումից հետո: Նա ընդգծել է, որ Գերմանիան պաշտպանում է Քուվեյթի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը կատարյան ճգնաժամի լուծման համար՝ միաժամանակ նշելով, որ Բեռլինը մտադիր չէ պաշտպանել հակամարտության որևէ կողմի: