Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անորոշություն Պոլսո պատրիարքի ընտրությունների շուրջ

Անորոշություն Պոլսո պատրիարքի ընտրությունների շուրջ
17.09.2017 | 20:54

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ Պոլսո պատրիարքի ընտրությունների համար ձևավորված նախաձեռնող խումբը, որ պետք է ղեկավարի նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը, կանգնած է փաստի առաջ: Պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խումբն ընտրությունների անցկացման ամսաթվի վերաբերյալ առաջարկություն է ուղարկել Ստամբուլի նահանգապետարան: Ենթադրվում էր, որ պատրիարքի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին: Նախաձեռնող խմբի նախնական որոշման համաձայն՝ դեկտեմբերի 10-ին հայկական համայնքը պետք է ընտրի պատվիրակներ, իսկ պատվիրակներն էլ դեկտեմբերի 13-ին՝ պատրիարք: Սակայն Թուրքիայի իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել գրությանը:
Ստամբուլի «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կասկած հայտնեց, որ համայնքում որոշ շրջանակներ աշխատում են ընտրությունները խոչընդոտելու համար, նաև որոշ լծակներ ունեն պետության մեջ:


«Այս պահին տիրում է անորոշություն: Մինչև հիմա պաշտոնական դիմումին որևէ պատասխան չկա՝ ոչ դրական, ոչ բացասական»,- ասաց Բագրատ Էստուկյանը:
Նա չի բացառում, որ ընտրությունների անցկացմանը խոչընդոտում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը. «Արամի կողմնակիցները հավանաբար խոչընդոտում են այս գործընթացին, մենք այդպես ենք ենթադրում: Նպատակը երևի թե տեղապահին մաշեցնելը, անգործունակ թողնելն է»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռ հույսը չեն կտրել, որ ընտրությունները կկայանան, քանի որ պաշտոնական պատասխան այս պահին չկա:


Ներկա ճգնաժամը մտահոգիչ ընթացք ունի՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը՝ անդրադառնալով Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացի ձգձգմանը: Նա հիշեցրեց, որ թուրքական իշխանությունները ամենաբարձր մակարդակով ուղերձ էին հղել համայնքին, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո անմիջական ուշադրություն պետք է դարձնեն պատրիարքական ընտրությունների խնդրին: «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո պետությունը որոշ կարգադրություններ արեց: Չնայած տեղեկացրել էր, որ պատրիարքական ընտրությունների գնալու համար իրավական հիմքեր չեն ստեղծվել, այնուամենայնիվ, տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հնարավորություն ունեցավ գալու և քայլեր ձեռնարկելու: Բայց իրար հաջորդած իրադարձությունները այդքան ճանաչում չունեցող տեղապահ սրբազանին մաշեցող ազդեցություն ունեցան, համայնքի ներքին պառակտումները, ներքին բևեռացումները պատճառ դարձան նաև, որ այդ ամբողջ պայքարը նաև տեղապահի վրայով մղվի, և տեղապահի հեղինակությունը օգտագործվեց: Մի խումբ մարդիկ անընդհատ բարձրաձայնում էին, որ պատրիարքական ընտրության գնալու համար պետության թույլտվությունն անհրաժեշտ չէ, մենք կարող ենք ինքնագլուխ իրականացնել: Սակայն պետական իշխանությունները այս ընթացքում երաշխիք են տվել, որ Թուրքիայի հայերը պետք է ունենան իրենց նոր պատրիարքը, և այդ պատրիարքը անպայման պետք է ընտրվի Հայ առաքելական եկեղեցու իրավունքի, հինավուրց ավանդույթների համաձայն»,- ասաց Արա Գոչունյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունների հնչեցրած կոչերը անլսելի դարձան, քանի որ ճշմարտությունն այն է, որ թեև մենք պատրիարքական ընտրությունները անում ենք անկախ, մեր կանոնների համաձայն, բայց այդ ամենը լինում է իշխանությունների հետ համաձայնեցված, և դա շատ կարևոր է, քանի որ ընտրված պատրիարքը պետք է պետության կողմից ճանաչում ունենա, որ կարողանա հետապնդել համայնքի խնդիրների լուծումը: «Մենք ներքին պայքարների բերումով հայտնվեցինք փակուղում»,- հավելեց Արա Գոչունյանը:


Գարեգին սրբազանը, նրա խոսքով, որպես տեղապահ ընտրվելուց հետո պատրիարքարանից մի շարք գրություններ են ուղարկվել Ստամբուլի նահանգապետարան, սակայն այդ բոլորը լուռ են ընդունվել, իսկ օգոստոսի գրությանը պատրիարքական ընտրությունների պահանջով էր, այդ պահից սկսած՝ փակուղու ազդանշանները ջրի երես ելան: «Մեկ ամիս անցել է դիմումից, բայց չկա պատասխան: Թուրքիայի օրենսդրությամբ՝ երկու ամսվա ժամկետով պետք է պատասխան տրվի, և եթե երկու ամսվա ընթացքում այդ պատասխանը չլինի, այդ դիմումը ուժը կորցնում է: Եվ այդ իրավիճակում համայնքի ազդու գործիչներն սկսեցին իշխանություններին ազդանշաններ ուղարկել, իրենց հարմար է դառնում նախաձեռնող մարմնի հանձնաժողովի լուծարումը: Ահա այսպիսի իրավիճակի առաջ ենք կանգնած: Միանշանակ է, որ պատրիարքական ընտրությունների ժամկետի կանխատեսման հնարավորություն չկա, դեկտեմբերին ընտրությունները անելու ժամանակացույցը գրեթե անհնարին է: Պետք է ստեղծված իրավիճակից դասեր քաղենք, որ նորից նման խնդիրների չբախվենք, և այս փակուղուց Պոլսո պատրիարքական աթոռը և սփյուռքահայությունը դուրս կգան մեկ նախադրյալով, այն է՝ ներքին միասնականության և զորակցության ոգու ամրապնդումը»:


Ըստ նրա՝ եթե համայնքը ներքին իմաստով չվերականգնի միասնականությունը, ընտրությունների սպասման շրջանը կարող է երկարաձգվել: «Տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն, առաջին պատնեշը հոկտեմբերի ինն է, դա պատրիարքական ընտրության համար նամակի պատասխանի վերջնաժամկետն է, և դրանից հետո պետք է հետևենք իրադարձությունների ընթացքին»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ