Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Զապադ 2017» զորավարժությունների կապակցությամբ` ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի ղեկավար Պետեր Պավելը «Ասոշիեյթեդ պրեսին» տված հարցազրույցում ասել է, որ զորավարժությունները կարող են «անկանխատեսելի հետևանքներ ունենալ հնարավոր միջադեպերի պատճառով»:
Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում` Ֆրանսիան և Գերմանիան, դատապարտել են զորավարժությունները, պնդելով, թե «Մոսկվան ձգտում է ռազմական ուժ ցուցադրել Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ»: Ռուս-բելառուսական վեցօրյա համատեղ զորավարժությունները նախատեսված են մինչև սեպտեմբերի 20-ը, դրանք տեղի կունենան Բելառուսում և Ռուսաստանի Կալինինգրադի մարզում:
Մոսկվան և Մինսկը պնդում են, որ «Զապադ» զորավարժություններին մասնակցելու է 12 700 զինծառայող, մինչդեռ գեներալ Պետեր Պավելը հարցազրույցում հայտարարել է, որ իրականում դրանց կարող է մասնակցել մինչև 100000 զինծառայող:
Մոսկվան հայտարարել է, որ զորավարժությունները ուղղված չեն ՆԱՏՕ-ի դեմ և «ՆԱՏՕ-ն թշնամի չի համարվում»: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքը դիտարկելու համար երեք ներկայացուցիչ կուղարկի Բելառուս և Ռուսաստան, սակայն կոչ է արել Մոսկվային թույլ տալ ավելի մեծ թվով դիտորդների ներկայությունը: