ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մյանմայի (Մյանմար, Բիրմա) ղեկավար Աուն Սան Սու Չժին վերջին հնարավորությունն ունի վերջ տալու իր երկրում բռնկված ճգնաժամին, ինչի հետևանքով մահմեդական ռոհինջա բնակչության շուրջ 400 հազար ներկայացուցիչներ հարկադրաբար գաղթեցին հարևան Բանգլադեշ պետություն:
Աուն Սան Սու Չժին Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է: Շաբաթներ է, ինչ Մյանման գտնվում է միջազգային ճնշման ներքո՝ երկրի մահմեդական բնակչության հետ տեղի ունեցած դեպքերի պատճառով: Օգոստոսի 25-ից ռոհինջաները սկսեցին թողնել երկիրը, երբ անվտանգության ուժերը լայնածավալ գործողություններ սկսեցին Մյանմայի արևելյան Ռաքհայն նահանգում, որը բնակեցված է մահմեդականներով: Մյանմայի իշխանությունների ներկայացմամբ, անվտանգության ուժերը ձեռնամուխ են եղել հակաահաբեկչական գործողության, երբ ռոհինջա զինյալների հարձակման հետևանքով սպանվել էր անվտանգության ծառայության 12 սպա: Հակաահաբեկչական գործողության հետևանքով սպանվել են մոտ 400 մահմեդական զինյալներ: Մինչդեռ, միջազգային իրավապաշտպան կառույցները խոսում են ռոհինջաների կոտորածի մասին: