Գերմանիայի դեսպանը կրկին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ: Անկարան առայժմ պատճառը չի բացահայտում, գերմանական «Շպիգելը» պնդում է, թե դեսպան Մարտին Էրդմանի հետ այսօր երեկոյան կայանալիք հանդիպմանը թուրքական կողմը մտադիր է քննադատել Բունդեսթագում անցած տարի ընդունված բանաձևը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:
Գերմանիայի ԱԳ նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը չի հաստատել և չի հերքել այս տեղեկությունը, փոխարենն ընդգծել է՝ Բեռլինում կորցրել են հաշիվը, թե քանի անգամ են իրենց «դժբախտ դեսպանին» կանչել Թուրքիայի ԱԳՆ` գրում է Deutsche Welle-ն:
Գերմանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 1915 թվականի Եղեռնը դատապարտող բանաձևից հետո Թուրքիան ժամանակավորապես հետ էր կանչել Բեռլինից իր դեսպանին: «ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների միջև ճգնաժամն այն ժամանակ հաջողվեց մի փոքր հարթել, երբ Գերմանիայի կառավարությունը հավաստիացրեց, որ այդ փաստաթութղթը իրավական ուժ չունի»,- հաղորդում է dpa գործակալությունը:
Անցած շաբաթ օրը Անկարան կրկին ԱԳՆ էր հրավիրել Գերմանիայի դեսպանին, այս անգամ՝ Քրդստանի աշխատավորական կուսակացության առաջնորդ, ազատազրկման մեջ գտնվող Աբդուլա Օջալանի օգտին Քյոլնում անցկացված հանրահավաքի կապակցությամբ: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ բազմահազարանոց այդ հավաքին ահաբեկչական քարոզչություն է իրականացվել, ինչին Գերմանիայի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել: