Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը: Նա անդրադարձել է սփյուռքի ապագային՝ նշելով, որ հայրենիքից դուրս հայի ինքնության պահպանման կարևորագույն գրավականը հզոր, զարգացող ու արդար Հայաստանն է:
«Խոսելով սփյուռքի ապագայի, տարբեր համայնքներում ինքնության պահպանման, մշակութային զարգացման և օտար հասարակություններում ներգրավվելու ու հաջողության հասնելու մասին, անշուշտ պետք է նկատի ունենանք աշխարհում տեղի ունեցող կարևոր փոփոխությունները և քայլենք ժամանակին համընթաց:
Գլոբալ միգրացիոն միտումները վերաբերում են նաև Հայաստանին ու աշխարհասփյուռ հայ համայնքներին: Տեղի է ունենում մարդկանց մեծ խմբերի միգրացիա ոչ միայն նախկին սոցիալիստական ճամբարի երկրներից դեպի ավելի հրապուրիչ աշխատաշուկա ունեցող երկրներ, այլև Մերձավոր Արևելքի երկրներից դեպի Կանադա, Միացյալ Նահանգներ ու Եվրոպա:
Մենք այսօր ականատես ենք, թե ինչպես է փոխվում հենց սփյուռքի կայացած համայնքների կառուցվածքը: Այո, մենք տեսնում ենք, որ Հայաստանը և հայկական տարբեր համայնքներ դարձել ենք հաղորդակից անոթներ: Մեր խնդիրն է, որ այդ շփումները և հաղորդակցությունը գան զարգացնելու և զորացնելու ինչպես Հայաստանը, այնպես էլ աշխարհի ցանկացած անկյունում գտնվող հայ համայնքը:
Մենք անխուսափելիորեն քննության առարկա պետք է դարձնենք հայի ինքնության հետ կապված հարցերը: ՈՒրախ եմ, որ այս հարցադրումը տեղ է գտել այս համաժողովի օրակարգում: Համոզված եմ, որ հայրենիքից դուրս հայի ինքնության պահպանման կարևորագույն գրավականը հզոր, զարգացող ու արդար Հայաստանն է: Սա է այն ձգողական և կենսատու ուժը, որը առավել հզորացնում է մեր քույրերին և եղբայրներին իրենց բնակության երկրներում: Իհարկե, ինչպես եզրակացրել էին «Գյուլբենկյան» հիմնադրամի հովանու ներքո իրականացված մի հետազոտության հեղինակները, այս ընթացքում մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք և մշտական հոգածության ներքո պահենք գոյություն ունեցող համահայկական և համայնքային կառույցների զարգացումը և ներառական բնույթի նախաձեռնությունների իրականացումը: Անկախության հռչակումից հետո փոխվել է նաև հայրենիք-սփյուռք հարաբերությունների տրամաբանությունը և դինամիկան: Նախորդ 26 տարիների ընթացքում մենք դեռ յուրացնում էինք անկախ պետականություն ունենալուց բխող բոլոր հնարավորությունները և բացահայտում գործակցության նոր հորիզոններ: Հայաստանը լինելու է աշխարհին լիարժեք ինտեգրված, ուժեղ, զարգացած ու հպարտ երկիր: Սա է մեր տեսլականը»,- ասել է Սերժ Սարգսյանը: