ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորումը և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կշարունակի կողմերի հետ ակտիվորեն աշխատել` հայտարարել է Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը: «Մեր վաղեմի քաղաքականությունն է Մինսկի խմբի համանախագահների շրջանում, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»,- ընդգծել է Շեֆերը: Նա կարծում է, որ «խաղաղության պատասխանատվությունն իրենց ուսերին են կրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները»:
«Ես սպասում եմ այս շաբաթ ավելի ուշ Նյու Յորքում մյուս համանախագահների ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իմ հանդիպումներին: Հուսով եմ՝ այս հանդիպումները հիմք կապահովեն ամենաբարձր մակարդակում բարեխիղճ բանակցությունների անհապաղ վերսկսման համար»,- հայտարարել է Էնդրյու Շեֆերը: