ԱՄՆ կառավարությունը սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահներին՝ մայիսին Վաշինգտոնում նրանց կազմակերպած ծեծից ու բռնությունից հետո, հաղորդում է France-Presse-ը: Օրենսդրական նախաձեռնությունը, որ ներկայացրել են սենատորներ Պատրիկ Լիհին և Քրիս Վան Հոլլենը, արգելափակում է ԱՄՆ- ում զենքի վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկի՝ Sig Sauer-ի և Էրդողանի թիկնազորի միջև ավելի վաղ կնքված 1,2- միլիոն դոլարանոց գործարքը:
«Զենքի այս վաճառքը նախագահ Էրդողանի անձնական թիկնապահներին ոչ մի դեպքում չպետք է հաստատվի՝ հաշվի առնելով անցյալում նրանց գործադրած բռնությունները»,- հայտարարել են սենատորները՝ հավելելով․ «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի զենքի վաճառքը նաև Թուրքիայի ազգային ոստիկանությանը, որը կամայականորեն ձերբակալում և ուժ է կիրառում կառավարությանը քննադատող խաղաղ ցուցարարների նկատմամբ»: