ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Սփյուռքին հորդորում է օրակարգում պահել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Սփյուռքին հորդորում եմ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մշտապես պահել օրակարգում՝ որպես ցեղասպանությանը չզիջող խնդիր»,- «Հայաստան-Սփյուռք» համաժողովին ասաց Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ քաղաքական սատարումը Սփյուռքի կառույցներին շատ ավելին կարող է լինել:
«Չի կարելի սահմանափակել ՀՀ արտաքին խորհրդարանական դիվանագիտությունը բացառապես անվտանգային խնդիրներով, մեր օրակարգը պետք է համեմված լինի այն խնդիրներով, առանց որոնց ուժեղ պետություն կառուցելը հարցականի տակ է դրվում»,- նշեց նա:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ Հայաստանը պետք է ակտիվ ու նախաձեռնող լինի: «Հայաստանն ունի բավարար ներուժ՝ իր խոսքն ասելու ոչ անվտանգային ու ոչ քաղաքական հարցերի շուրջ»,- նշեց Արմեն Աշոտյանը: Նա ընդգծեց՝ չի ուզում քննադատել ու վատաբանել, պարզապես ցանկանում է հիշեցնել, որ մասնակից 9 ուժից ընդամենը 3 ուժ է անդրադարձել Հայաստանի անվտանգությանն ու Արցախի խնդրին:
«ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը. տարբեր տեսակետներով, բայց ընդամենը երեք ուժ է խոսել Լեռնային Ղարաբաղից, այո, խնդիրը արդիական է, բոլորս դրանով արթնանում ու քնում ենք, բայց քաղաքական օրակարգի նախընտրական թոհուբոհի մեջ դա խնդիր չի դիտարկված»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Աշոտյանն ասաց, թե չի համարում, որ Հայաստանի հասարակական ու քաղաքական օրակարգում հիմա Ղարաբաղյան կարգավորման դետալների քննարկումն օրհասական հարց է: «Ապրիլյան պատերազմից հետո փոխվել է բանակցությունների բովանդակությունը այն տեսակետից, որ համանախագահների մասնակցությամբ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ընդունված պարտավորությունների կատարման շուրջ են այսօրվա բանակցությունները»,- ասաց նա: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ այսօր թիվ մեկ խնդիրն է պարտադրել Ադրբեջանին կատարել այն պարտավորությունները, որից հետո կարելի է խոսել բանակցային գործընթացի փաստաթղթային քննարկումների մասին:
«Ադրբեջանական դիվանագիտությունը մի խորամանկություն է անում. իր ԱԳ նախարարի շուրթերով ասում է՝ Հայաստանը պետք է վերադառնա բովանդակային քննարկումների, իրենց համար բովանդակային ասելով այն է, ինչը հիմա Հայաստանում քննարկում ենք, ցավոք սրտի»,- ասաց Ա. Աշոտյանը: