Առանց Ցեղասպանությունը ճանաչելու՝ Թուրքիան երբեք ժողովրդավարական պետություն չի դառնա, ոչ էլ քրդական հարցը լուծում կստանա` սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում, քաղաքական և իրավական գործընթացները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
«Ցեղասպանության ճանաչման համար առավել լայն տեսլական պետք է ունենանք, միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է բացել սահմանները Հայաստանի հետ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ևս տասնյակ տարիներ սպասել: Թուրքիան ներկայումս կրկին մութ ժամանակաշրջան է ապրում, 102 տարի առաջ մեծ ոճիր տեղի ունեցավ, և այն շարունակվում է այսօր, քանի որ յուրաքանչյուր ոճիր, որն անպատիժ է մնում, նոր ոճիր է առաջացնում: Ինքս շարունակելու եմ պայքարել Ցեղասպանության ճանաչման համար»,- ասաց հայազգի պատգամավորը:
Կարո Փայլանի խոսքով, Թուրքիան այսօր հեռանում է ժողովրդավարությունից, հետընթաց է ապրում նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում: Նրա կարծիքով, Թուրքիայի նոր Սահմանադրության ընդունումը նույնպես նշանակում է հեռացում ժողովրդավարությունից. «Ես այս մասին եմ հենց խորհրդարանում խոսել, ասել եմ, որ մեծ սխալ է տեղի ունեցել: 20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, ինքս խորհրդարանում ասել եմ՝ եթե երկրում ընդունվի նոր Սահմանադրություն, նույն աղետը կունենանք, այսօր հենց դրա ճանապարհին ենք: Թուրքիան 100 տարի անց էլ շարունակում է ոճիր գործել»: