Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համաձայնագրի վերանայման անհրաժեշտություն չկա` հայտարարել է արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Իրանի և վեցյակի հանդիպման արդյունքներով։
«Համաձայնագիրը վերաբերում է միջուկային ծրագրին, դա կատարվում է։ Համաձայնագիրն արդյունքներ է բերում։ Դա նշանակում է՝ փաստաթուղթը բացելու անհրաժեշտություն չկա»,- ընդգծել է դիվանագետը։
Մոգերինիի խոսքով՝ համաձայնագրի բոլոր մասնակիցները լիովին իրագործում են գործարքի պայմանները։ «Դա ազնիվ, բաց քննարկում էր, որի ընթացքում մենք համաձայնել ենք, որ բոլոր կողմերը լիովին իրագործում են համաձայնագիրը, ինչպես հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից 8 անգամ»,- ասել է Մոգերինին։ Համաձայնագրի ճակատագիրը չի կարող որոշվել ԱՄՆ-ի կամ այլ երկրի կողմից, քանի որ ամրագրված է ՄԱԿ ԱԽ բանաձևով` շեշտել է Ֆեդերիկա Մոգերինին։