Ատոմային հարցով համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը կարող է արագացնել իր միջուկային ծրագիրը, սակայն այն կմնա խաղաղ` հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը։ CNN-ի եթերում Զարիֆին հարցրել են, թե ի՞նչ կանի Թեհրանը, եթե ԱՄՆ-ը կյանքի կոչի համաձայնագրից դուրս գալու նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը։ Ծրագրի վերանայումն ԱՄՆ-ում անցկացվում է 3 ամիսը մեկ։
«ԱՄՆ-ում վկայագրումը գործարքի մաս չէ, դա ԱՄՆ-ի ներքին ընթացակարգն է, որ չի ազատում նախագահ Թրամփին կամ վարչակազմին պատասխանատվությունից, քանի որ ստուգման միակ իրավասուն, համաձայն գործարքի, ԱԷՄԳ-ն է»,-ասել է Զարիֆը։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է, որ իր դիրքորոշմամբ հարցականի տակ է դնում միջազգային համաձայնագրերի կնքման գործում սեփական հեղինակությունը։ «ԱԷՄԳ-ի 7 զեկույցները ցույց են տվել, որ Իրանը հանդիսանում է գործընկեր, որի վրա կարելի է հենվել։ Հույս ունեմ, որ ԱՄՆ-ը կվերանայի իր դիրքորոշումն ու ցույց կտա, որ իր վրա նույնպես կարելի է հույս դնել»,- եզրափակել է Զարիֆը։